ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Վիեննայում
2019-03-29 22:28:23

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:

Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող քննարկումները շարունակել են առանձնազրույցի ընթացքում: Հանդիպման ավարտին մոտ համանախագահները և ԱԳ նախարարները կրկին միացել են երկու երկրների առաջնորդներին:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը: Զրուցակիցներն ընդգծել են բանակցային գործընթացի համար բարենպաստ Հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով նպաստավոր մթնոլորտ ձևավորելու և այդ ուղղությամբ շոշափելի քայլերի իրականացման կարևորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ:

Կողմերը հանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, համաձայնելով շարունակել երկխոսությունը: