ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-30 10:21:16
  • «Ժամանակ». Վիեննայում նշմարված ծիլերը
  • «Փաստ». Բնա­պահ­պա­նա­կան խնդիր­նե­րը և տնտե­սա­կան զար­գա­ցու­մը չպետք է դնել կշեռ­քի հա­վա­սար նժար­նե­րին
  • «Առավոտ». Ովքե՞ր էին Նիկոլ Փաշինյանի ասած գործակալները. ինչո՞ւ ԱԱԾ-ն չի բացահայտում
  • «Ժողովուրդ». Արտոնություն`ՀՀԿ-ականին
  • «168 ժամ». «Ողջամիտ սահմաններում ահաբեկչության ռիսկի գոյությունը պետք է բացառել, սակայն չկորցնելով զգոնությունը»


Վիեննայում նշմարված ծիլերը

Ղարաբաղյան բանակցային գործընթացում չի եղել բեկում, չի եղել հեղափոխություն, բայց «Ժամանակ»-ը տեսնում է մի պրոցես, որը թույլ է տալիս խոսել միմյանց հետ, լսել միմյանց տեսակետները, օրակարգերը:

Թերթի կարծիքով՝ ամենից հետաքրքիր նորությունը, որ կա համանախագահների հայտարարության մեջ, և ինչի մասին նաև Հայաստանի վարչապետի աշխատակազմն է հայտնել հաղորդագրությամբ, այն է, որ կողմերը պայմանավորվել են կատարել մարդասիրական միջոցառումներ:

Ինչ է սա նշանակում, դեռ պարզ չէ: Առաջին թիրախային հասցեատերը, ըստ թերթի, Ադրբեջանն է, քանի որ հայկական կողմը ամենևին չի տվել մարդասիրության հարցում կասկածի տեղիք:

«Մարդասիրական նախաձեռնությունների հանգամանքն, անշուշտ, հետաքրքիր է առաջին հերթին նաև նրանով, թե Ադրբեջանը որքանով է համարժեք լինելու այդ խնդրին և հավատարիմ լինելու այդ պայմանավորվածություններին, որովհետև այդ պարագայում գործնականում անհամատեղելի են թվում մարդասիրությունն ու հայատյացության պաշտոնական քարոզը: Ինչպե՞ս է Ադրբեջանը «համատեղելու» դրանք, կամ որի՞ց է հրաժարվելու: Իր հերթին այս հանգամանքը հիմք է տալիս գնահատել իրողությունը նաև այն տեսանկյունից, որ պայմանավորվածությունը որոշակի պատասխանատվության շրջանակ է սահմանում Բաքվի համար: Իհարկե, այստեղ խնդիրը պատրանքները չեն, այլ այն, որ հայկական կողմը կարող է այդպիսով տնօրինել խաղաքարտ, որը կօգտագործի Բաքվի հակամարդասիրական քաղաքականության շարունակության դեպքում»,-գրում է թերթը:

Ընդհանուր առմամբ, Վիեննայի հանդիպման դրական տոնայնությունն ու զուսպ տեղեկատվությունը, ըստ «Ժամանակ»-ի ողջունելի է, որովհետև կարևոր է, երբ կողմերը խոսում են միմյանց հետ, թեկուզ իրարամերժ օրակարգերով. «Իսկ գործնականում, Վիեննայի հանդիպումը որոշակիորեն հիմք է տալիս մտածել հակամարտության կամ պարզապես ստատուս քվոյի կառավարման քաղաքական նոր տրամաբանության, նոր մեթոդաբանության ձևավորման, սաղմնավորման մասին, որը տեղի է ունենում պատերազմը բացառելու Մինսկի խմբի համանախագահների բավականին հստակ ազդակների և հաղորդագրությունների ֆոնին»:

Բնա­պահ­պա­նա­կան խնդիր­նե­րը և տնտե­սա­կան զար­գա­ցու­մը չպետք է դնել կշեռ­քի հա­վա­սար նժար­նե­րին

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ տնտեսական և քաղաքական ռեֆորմների արդյունքում մեր երկիրը դարձել է հանքային կցորդ մյուս երկրների համար, ինչը զարգացման ամենացածր աստիճանն է. «Սա, իհարկե, պատահականություն չէր: Ռեֆորմներն այնպես էին մտածված, որ արդյունքը դա պետք է լիներ: Անկախության տարիներին ակտիվորեն սկսել ենք զարգացնել հանքարդյունաբերությունը՝ մետաղային և ոչ մետաղային ուղղությամբ: Ոչ մետաղայինը էլի վնաս է հասցնում շրջակա միջավայրին, բայց ոչ այդ աստիճանի, և այդտեղ, իմ կարծիքով, հնարավոր է իրավիճակը կարգի բերել, տնտեսապես ավելի շահավետ օգտագործել ու զարգացնել այդ ճյուղը: Իսկ մետաղային հանքերի դեպքում խնդիրները շատ-շատ լուրջ են: Հիմնականում դրանք զարգացած են Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում և այլն»:

Շատ մեծ վնասներ է կրում Լոռին. «Մեծ աշխատանքներ են իրականացրել ամերիկյան համալսարանը՝ Լոռիում, և ակադեմիայի կենտրոններից մեկը՝ Սյունիքում: Ուղղակի ցույց է տրված ծանր մետաղներով աղտոտվածությունն ամբողջ շղթայով՝ հող, ջուր, բույսեր և սնունդ: Եթե նայում ենք առողջապահական տվյալները, ապա ամենամտահոգիչ վիճակում Լոռին է: Իմ կարծիքով, Սյունիքում էլ խնդիր ունենք. որքանո՞վ են օբյեկտիվ վերջին տարիների առողջապահական վիճակագրական տվյալները: Դրանք գնալով լավանում են, որի հիմքը չի երևում, որովհետև էկոլոգիական տվյալները գնալով վատանում են», - ընդգծել է թերթի զրուցակիցը:

Բնապահպանը հիշեցրել է, որ այժմ Երևանի շրջակայքում 29 հանք է գործում. «Ճիշտ է, դրանք մետաղային հանքեր չեն, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոշին ծանր մետաղներ է պարունակում, որը բացասական է ազդում բնակչության առողջության վրա»:

«Հանքարդյունաբերությունը ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսն է կազմում: Հարստանում են միջազգային ընկերությունները և մեր նախկին իշխանավորները, որոնք մասնաբաժին ունեն այդ հանքերում: Նույնիսկ կառավարության ռազմավարության ծրագրում գրված է, որ էկոլոգիական տեսանկյունից չունենք որևէ հանքի գոնե մեկ դրական օրինակ: Բոլոր հանքերը բաց են գործում, պոչամբարները որևէ ստանդարտի չեն ենթարկվում, արդյունքում այդ բոլորը ծանրանում է բնության և մարդու առողջության վրա: Իսկ Ամուլսարը, աստված չանի, բայց վերջին կաթիլը կարող է լինել այդ խիստ մտահոգիչ ճանապարհին», - ասել է բնապահպանը՝ հավելելով, որ կա նաև օրենսդրական խնդիր. օրենքները գրվում են, բայց դրանց կիրարկման խնդիրը մնում է բաց:

Դանիելյանն ընդգծում է՝ բնապահպանական խնդիրները և տնտեսական զարգացումը որևէ պարագայում չպետք է դնել կշեռքի հավասար նժարներին: «Հանքարդյունաբերությունը ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսն է կազմում: Հարստանում են միջազգային ընկերությունները և մեր նախկին իշխանավորները, որոնք մասնաբաժին ունեն այդ հանքերում: Նույնիսկ կառավարության ռազմավարության ծրագրում գրված է, որ էկոլոգիական տեսանկյունից չունենք որևէ հանքի գոնե մեկ դրական օրինակ: Բոլոր հանքերը բաց են գործում, պոչամբարները որևէ ստանդարտի չեն ենթարկվում, արդյունքում այդ բոլորը ծանրանում է բնության և մարդու առողջության վրա: Իսկ Ամուլսարը, աստված չանի, բայց վերջին կաթիլը կարող է լինել այդ խիստ մտահոգիչ ճանապարհին», - ասել է բնապահպանը՝ հավելելով, որ կա նաև օրենսդրական խնդիր. օրենքները գրվում են, բայց դրանց կիրարկման խնդիրը մնում է բաց:

Ովքե՞ր էին Նիկոլ Փաշինյանի ասած գործակալները. ինչո՞ւ ԱԱԾ-ն չի բացահայտում

«Առավոտ»-ը զրուցել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի քարտուղար Արա Գասպարյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի հայ համայնքի առջև ելույթում արծարծեց այն քաղաքական գործիչների թեման, որոնք, ըստ Փաշինյանի, ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան սեփական երկրի քաղաքացիներ: Թերթը հետաքրքրվել է, թե որքանո՞վ է գործակալների առկայությունը լուրջ սպառնալիք մեր ազգային անվտանգության համար:

Օտարերկրյա գործակալները լուրջ վտանգ են ցանկացած պետության անվտանգության համար, քանի որ սպասարկում են դրսի ուժերի շահերը և ծառայում են այդ ուժերի նպատակների իրականացմանը: Այդ անձինք գաղտնի հավաքագրվում են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների կողմից և գտնվում են դրանց անմիջական ենթակայության (կուրացիա) տակ: Դրանց հետախուզական գործունեության բացահայտումը, կանխումը և խափանումը, ինչպես նշել է «Առավոտ»-ի զրուցակիցը, մեր ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնական ուղղություններից է: Այնինչ, գրեթե վերջին մեկ տարում մեր ազգային անվտանգության մարմինների բացահայտումները կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությունից են:

Բացի դրսի ուժերի նպատակներին գաղտնի ծառայող ենթադրյալ գործակալներից` ՀՀ քաղաքական-հասարակական դաշտում բացահայտ գործում են նաև օտարերկրյա տարբեր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող և ուղղորդվող բազմաթիվ հայաստանյան հասարակական կազմակերպություններ, որոնք իրականացնում են հանրային քարոզչություն և տարբեր ձևերով միջամտում են հանրային գործընթացներին ու պետական մարմինների գործունեությանը:

«Կարծում ենք, որ մենք էլ, որպես պետություն, մեր քաղաքացիների առջև ՀՀ ինքնիշխանությունն իրացնելու պատասխանատվությամբ և պարտականությամբ պայմանավորված, պետք է հստակ գնահատական ու որակավորում տանք մեր հանրային դաշտում դրսի ուժերի ֆինանսական և գործառնական ազդեցության տակ գործող հասարակական կազմակերպությունների գործունեությանը` խստացնելով դրանց ֆինանսական հաշվետվողականությունը և տալով օտարերկրյա գործակալի կարգավիճակ` ինչպես դա արել են որոշակի տարբերություններով, բայց ընդհանուր տրամաբանության մեջ ԱՄՆ-ը և ՌԴ-ն»,- ասել է Արա Գասպարյանը:

Արտոնություն`ՀՀԿ-ականին

Թերթն անդրադարձել է կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկին: Նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Վիեննայում:

«Նիստի օրակարգում 40-ից ավելի հարց էր ընդգրկված, սակայն ոչ բոլորն էին զեկուցվող: Հետաքրքիր է, որ նիստի ժամանակ արտոնություն տրվեց ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «ՎԱԲԱ» ընկերությանը: Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արտոնություն է տալիս «ՎԱԲԱ» ընկերությանը: Թավշյա հեղափոխությունից հետո, երբ արդեն ընդդիմադիր ՀՀԿ-ականները պնդում են, թե իշխա- նություններն իրենց հալածում են, Փաշինյանի կառավարությունը երկու անգամ այդ ընկերությանն արտոնություն տրամադրելու մասին որոշում է կայացրել», գրում է թերթը:

«Ողջամիտ սահմաններում ահաբեկչության ռիսկի գոյությունը պետք է բացառել, սակայն չկորցնելով զգոնությունը»

«168.ժամ»-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով ՌԴ ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխինի հայտարարությանը՝ նկատել է, որ այն որոշ չափով չափազանցություն է, քանի որ ԻՊ ահաբեկչական կառույցը, ըստ էության, «Արևելքում անելիքներ չունի և գործելու համար չունի հող»։

Օլեգ Իլյինիխինը հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում կրած պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի և Հայաստանի տարածք: «Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» հռչակած խալիֆայության ռազմավարական պարտությունն ԻՊ-ին դրդում է շահերի շրջանակը տեղափոխել Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Հայաստանի տարածք»,- ասել էր նա:

«Եթե խոսքը վերաբերում է Հայաստանի սահմանների մերձակայքում այդ խմբավորման գործունեությանը, ապա բնական է, որ Թուրքիայում այդ կառույցը վաղուց ներկա է, Ադրբեջանից էլ բազմաթիվ մարդիկ մասնակցել են այդ կառույցի ահաբեկչական գործողություններին Սիրիայում։ Այս իմաստով էլ ըստ էության որևէ բան չի փոխվել։ Ամեն դեպքում Հայաստանը գտնվում է Մերձավոր Արևելյան շրջանում, այդ տարածաշրջանի թեժ գոտիներին բավականին մոտիկ է, հետևաբար՝ որոշակի զգուշավորությունը չի խանգարի մեր պատկան մարմիններին։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե ՀՀ պատկան մարմիններն աշխատեն ռուսական կողմի հետ, հասկանալու համար, թե ինչ նկատի ուներ ռուսական համապատասխան կառույցն այդ հայտարարության մեջ»,- նշել է Վարդան Ոսկանյանը։

«Եթե խոսքը վերաբերում է Հայաստանի սահմանների մերձակայքում այդ խմբավորման գործունեությանը, ապա բնական է, որ Թուրքիայում այդ կառույցը վաղուց ներկա է, Ադրբեջանից էլ բազմաթիվ մարդիկ մասնակցել են այդ կառույցի ահաբեկչական գործողություններին Սիրիայում։ Այս իմաստով էլ ըստ էության որևէ բան չի փոխվել։ Ամեն դեպքում Հայաստանը գտնվում է Մերձավոր Արևելյան շրջանում, այդ տարածաշրջանի թեժ գոտիներին բավականին մոտիկ է, հետևաբար՝ որոշակի զգուշավորությունը չի խանգարի մեր պատկան մարմիններին։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե ՀՀ պատկան մարմիններն աշխատեն ռուսական կողմի հետ, հասկանալու համար, թե ինչ նկատի ուներ ռուսական համապատասխան կառույցն այդ հայտարարության մեջ»,- նշել է Վարդան Ոսկանյանը։

Հարցին՝ ինչո՞վ կամ ինչո՞ւ Հայաստանը պետք է դառնա ահաբեկիչների թիրախը, Վարդան Ոսկանյանը պատասխանել է, թե չի կարծում, որ Հայաստանը կարող է դառնալ նման ահաբեկչության թիրախ.

«Ողջամիտ սահմաններում նման ռիսկի գոյությունն այս պահի դրությամբ պետք է բացառել, բայց կրկնում եմ՝ զգուշությունն ամենևին չի խանգարի՝ հաշվի առնելով մեր ներկայությունը Մերձավոր Արևելյան տարածաշրջանում զանազան տարբեր գործընթացներում։ Մենք պետք է դրա նշանակությունը ո՛չ շատ մեծացնենք, ո՛չ շատ պակասեցնենք՝ մեր հասարակության մոտ ստեղծելով անհանգստություններ, որոնք այդքան էլ տեղին չեն լինի այս պահին»: