ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների մասին
2019-03-30 11:03:13

Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր վարչապետին դիմավորել են ջերմորեն և բուռն ծափահարություններով:

Վարչապետը նշել է, որ իր աշխատանքային ու պաշտոնական այցերի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները իր ամենասպասված հանդիպումների թվում են:

«Արդեն իսկ ամենակարևոր հաղթանակը տեղի է ունեցել. դա ժողովրդի իշխանության հաստատումն է Հայաստանի Հանրապետությունում: Այն տնտեսական ցուցանիշները, որ սկսում են այսօր երևալ, այն գնահատականները, որ մեր տնտեսական զարգացման մասին անում են միջազգային կազմակերպությունները` ցույց են տալիս, որ մենք իրար հետ հաջողելու ենք նաև տնտեսական հեղափոխության գործընթացում:

Բայց այս ամենի ամենակարևոր հիմքն աչքերի և հայացքների հեղափոխությունն է, այն հեղափոխությունը, որ տեղի է ունենում մեր հայացքներում: Մենք այսօր միմյանց աչքերում կարդում ենք փոխադարձ վստահություն, փոխադարձ սեր, փոխադարձ հարգանք և իհարկե պատրաստակամություն` լինել իրար հետ, կողքի կողքի և մեր ուսերին իրար հետ տանել մեր հայրենիքի ապագայի պատասխանատվությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքներին:

Նա դրական է գնահատել նախագահ Ալիևի հետ հանդիպումը. «Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին և խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում և հետագայում իմ ունեցած ասուլիսի ընթացքում»:

Վարչապետը հույս է հայտնել, որ նախագահ Ալիևն էլ հանդիպումը դրական կգնահատի: Նա ընդգծել է, որ երբ ասում է՝ դրական է գնահատում, ապա դա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն: Խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց: Այդպես եղել է Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի, Դավոսի քննարկումների ընթացքում:

Սկսվել է խոսակցություն և կողմերից յուրաքանչյուրն իր պատկերացումներն է ներկայացնում. հակամարտությունն ունի խորն արմատներ և ամենակարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք:

Վարչապետը կարևոր է համարում, որ լինի մթնոլորտ, որտեղ հնարավոր լինի բարձաձայնել խնդիրները, խոսել. «Կարո՞ղ ենք արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որի հիմքում չի լինի իրար վնասելու կանխավարկածը, կարո՞ղ ենք արդյոք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմաններում, շփման գծում լինի կայուն իրավիճակ, կարո՞ղ ենք սկսել խոսակցություն, որ սահմանին գտնվող գյուղերում փորձենք այնպես անել, որ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, զբաղվել գյուղաշխատանքով` առանց մտավախության, որ դիպուկահարներն իրենց կոչնչացնեն: Պետք է հասկանալ` մենք կարող ենք արդյո՞ք մտածել, թե ինչ հումանիտար ասպեկտներ կան, որ կարող ենք քննարկել:

Կան երկու կողմերի քաղաքացիներ և և պետք է հասկանալ, կարո՞ղ ենք փորձել ընտանիքների հետ հանդիպումներ կազմակերպել, որ այդ մարդիկ իրենց ընտանիքների անդամների հետ շփվելու հնարավորություն ունենան, կարո՞ղ ենք արդյոք հանձնարարել մեր արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք շարունակեն այս խոսակցությունը` հասկանալու համար խնդրի էությունը: Բայց նաև պարզ է, որ ամեն մեկս ունենք մեր դիրքորոշումները, որոնցում խորապես համոզված ենք, բայց կարո՞ղ ենք փորձել խոսել նաև դիմացինի դիրքորոշման մասին, ի՞նչն է, որ դիմացինի դիրքորոշման մեջ տրամականական է, կամ ոչ: Ահա այս իմաստով եմ դրական համարում այս հանդիպումը և անկեղծ ասած դեռ չգիտեմ, թե ինչպիսի գնահատական ունի նախագահ Ալիևը, բայց հույս ունեմ, որ մեր գնահատականներն առնվազն տեսանելիորեն և շոշափելիորեն իրարից չեն տարբերվի»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի: