ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» բնագրային թարգմանությամբ դրվեց հայ ընթերցողի սեղանին
2019-03-30 12:05:04

Հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը բնագրային թարգմանությամբ հանձնվեց հայ ընթերցողի դատին: Ռեմարկի այս շքեղ ստեղծագործությունն առաջին անգամ է ամբողջությամբ հայերեն թարգմանվում և այն էլ ոչ միջնորդ լեզվի միջոցով: Գերմաներենից թարգմանությունը կատարել է Վանուհի Բաղմանյանը, գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

«Սա հեղինակի՝ իմ թարգմանությամբ չորրորդ գիրքն է: Մինչ այդ թարգմանել եմ «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա» գործերը: «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» ստեղծագործությունը Ռեմարկի ամենահաջողված վեպերից է, ներկայացնում է հեղինակի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ստացած տպավորությունները»,-գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց Վանուհի Բաղմանյանը: Նա հավելեց, որ գրքի վերնագրով հեղինակը ցանկանում է ասել, որ կյանքը ոչ միայն ողբերգական իրադարձություններով է հագեցած, այլև վառ գույներով: Գունամտածողությունը, Վանուհու հավաստմամբ, առհասարակ բնորոշ է Ռեմարկին։ Թարգմանիչը փաստում է՝ այս վեպն իր համար դեղնակարմիր գույն ուներ. կարմիրը՝ միլիոնավոր մարդկանց թափած արյան խորհրդանիշն էր, դեղինը՝ լույսի, կրակի։

«Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների իրադարձությունները: Մահ, սով, մինչև ոսկորները թափանցող ցուրտ ու մեծ արագությամբ նոսրացող շարքեր: Հենց այստեղ էլ վեպի գլխավոր հերոսը՝ քսաներեքամյա Էռնստ Գրեբերը, սկսում է այլ կերպ նայել կյանքին ու շուրջը կատարվող իրադարձություններին ու հասկանում է, որ հակառակ կողմում ևս կանգնած են ամենասովորական ցանկություններն ու երազանքներն ունեցող ամենասովորական մարդիկ, որոնց ևս տանը սպասողներ կան: Հայրենասիրական բուռն ճառերով իրենց համոզել էին, որ պետք է անողոք լինել թշնամու հանդեպ ու ամեն գնով պայքարել հանուն հայրենիքի: Իսկ թե ինչ էր պատահել, ով էր մեղավոր, և ով էր սկսել պատերազմը, միևնույն էր: Գրեբերն ու զինակից ընկերներն արդեն հասկանում էին, որ պատերազմը տանուլ են տվել, և պայքարը շարունակվում էր միայն հանուն նրա, որ մի քանի ստախոսներ, չարաշահողներ ու մոլեռանդներ կարողանային մի տարի ավելի իշխանության գլուխ մնալ: Գիտեին, բայց ոչինչ անել չէին կարող…