ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՄԻՊ-ը պարզաբանում կպահանջի Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի մասին
2019-03-30 12:35:26

Կոնստանտին Օրբելյանին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո խոսել եմ մաեստրոյի հետ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Հաշվի առնելով, որ հարցն առնչվում է մաեստրոյի իրավունքների երաշխավորմանը՝ որոշում եմ կայացրել քննարկման վարույթ սկսելու մասին: Երկուշաբթի պաշտոնական նամակով պարզաբանումներ կպահանջվեն մշակույթի նախարարի պաշտոնակատարից Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի և պատճառների մասին:

Այս պահին ի գիտություն եմ ընդունել Մշակույթի նախարարության և նախարարի պաշտոնակատարի հրապարակային պարզաբանումները»,- գրել է Արման Թաթոյանը:

Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիականթատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն։

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ապրիլի 1-ից ազատվել է աշխատանքից։

Մշակույթի նախարարությունը որպես ազատման հիմք ընդունել է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝  ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։

Ն. Ղարիբյանն ասել է, որ գեղարվեստական ղեկավարը ղեկավար պաշտոն է, ոչ թե ստեղծագործական. «Թյուրիմացաբար մինչև հիմա ընկալվել է այնպես, որ ստեղծագործական է, բայց օրենքում գրված է, որ ղեկավար պաշտոն է»։

Տես նաև՝