ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սովորենք տեսակավորել աղբը
2019-03-30 15:02:43

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մոտ մեկ ամսից մայրաքաղաքի հանրային վայրերում կտեղադրվեն աղբի տեսակավորման աղբարկղեր և քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակավորել պլաստիկ շիշը, թուղթը, մետաղն ու ապակին: Սակայն մինչ հանրային վայրերում նման աղբարկղերի տեղադրումը, թղթի և պլաստիկ շշերի տեսակավորման աղբարկղեր արդեն տեղադրվել եև մոտ 130 կրթական, պետական ու մասնավոր կազմակերպություններում և ցանկը գնալով ավելանում է՝ նշում է «ԱյԷսԷսԴի» ՀԿ նախագահ Մխիթար Ավետիսյանը:

«Մենք որ ծրագիրը նոր էինք սկսել, մտավախություն ունեինք, որ կազմակերպությունները չէին ցանկանա այդ մշակույթը տեսնել իրենց մոտ, սակայն շատ կազմակերպություններ ցանկանում են տեսնել այդ մշակույթն իրենց մոտ: Օրինակ, դպրոցներում աշակերտները մեծ ոգևորությամբ ոչ միայն աղբը տեսակավորում են դպրոցում, այլև տանից են բերում պլաստիկը, թուղթը, որպեսզի տեսակավորեն դպրոցում և այն ուղարկվի վերամշակման կայաններ»,-նշում է «ԱյԷսԷսԴի» ՀԿ-ի նախագահ Մխիթար Ավետիսյանը:

Աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրով Երևանի քաղաքապետարանում ավելացվել է տեսակավորման աղբարկղերի թիվը: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն այս ծրագիրը համարում է շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու լավագույն տարբերակ:

«Իրականում շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու լավագույն միջոցն այն է, երբ աղբի ցանկացած տեսակ գնա վերամշակման և իրենից երկրորդային օգտագործման հումք ներկայացնի: Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղադրված է աղբի տեսակավորման չորս աղբաման, որոնք այս պահին միայն պլաստիկի և թղթի համար են: Հետագայում տեսակները կշատանան, ինչպես նաև տարածումը կընդլայնվի»,- ասում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Թափոնների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության ու համայնքների կայուն զարգացման համար նորարարական լուծումներ առաջարկող հասարակական կազմակերպությունն այդպիսի աղբարկղեր է նախատեսում նաև համայնքային ենթակայության այլ կառույցներում ևս: Արկղերը տեղադրելուն զուգահեռ հասարակական կազմակերպությունն անցկացնում է նաև բնապահպանական դասընթացներ, որի հիմնական նպատակը թափոնների կառավարման ոլորտում մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: «Ռադիոլուրը» շրջել է Երևանի պետական համալսարանում և կենսաբանության ֆակուլտետում գտել նման աղբաման:

Իրազեկվածության բարձրացումը կարևոր է, քանի որ բնապահպանության նախարարությունն այս տարի պիլոտային ծրագրով պլաստիկ շշերի տեսակավորման աղբամաններ էր տեղադրել մայրաքաղաղքի որոշ հատվածներում, սակայն ազգաբնակչության անտեղյակ լինելու պատճառով այն չի ծառայել նպատակին, ասում է աղբի տեսակավորման և վերամշակման ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպության նախագահը:

«Այնտեղ որոշակի քանակությամբ տեսակավորվում էր, սակայն ոչ լիարժեք: Այսինքն՝ մեծ մասը ոչ թե պլաստիկ էր, այլ՝ աղբ: Մենք կարիք ունենք հանրային միջոցառումների, գովազդների միջոցով բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը»,- ասում է Մխիթար Ավետիսյանը:

Թափոնները կազմակերպություններում տեսակավորվելուց հետ, ուղարկվում են վերամշակման կայաններ՝ վերամշակման ընթացքում դրանց երկրորդ կյանք տալով։

0:00
0:00