ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին
2019-03-30 15:56:42

Մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել են աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներին` հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինից:

Ողջունելով ներկաներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ կապերի առանձնահատկությունը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի, քաղաքական ուժերի ու ոլորտային հանձնաժողովների մակարդակով: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նման այցերը լրացուցիչ խթան են՝ խորհրդարանական հարաբերությունների ձևաչափում շփումներն ամրապնդելու և փոխըմբռնումը խորացնելու համար:

««Իմ Քայլը» դաշինքի հանդեպ ժողովրդի ունեցած վստահության բարձր մակարդակն ու նորընտիր խորհրդարանականների ակտիվ գործունեությունը ամուր հիմք են՝ համահայկական կարևորության հարցերն առաջ մղելու և մարտահրավերները հնարավորությունների փոխակերպելու համար»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ նոր ԱԺ-ը և ՀՀ նոր կառավարությունը ջանք չենք խնայելու, որպեսզի Արցախի ժողովրդի շահերը լինեն պաշտպանված, քանի որ այդ հարցը վերկուսակցական է: Լենա Նազարյանը կարևորել է երկու պետությունների միջև ոլորտային կապերի սերտացումը և համագործակցությունը:

«Գործընկերությունն ու մտերմությունը չպետք է լինեն միայն քաղաքական կամ պետական մարմինների մակարդակով: Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների և գյուղերի հետ», - նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, իր ելույթում անդրադարձել է խմբակցության գործունեության հիմնական ուղղություններին՝ շեշտելով, որ այդ աշխատանքում իրենց համար գերնպատակ է Արցախի անվտանգության հարցը, որը սերտ կապակցված է Հայաստանի անվտանգությանը: Խոսելով խորհրդարանական համագործակցության մասին՝ Լիլիթ Մակունցը խմբակցության անունից պատրաստակամություն է հայտնել համագործակցել հատկապես օրինաստեղծ դաշտում, մասնավորապես՝ հաշվի առնելով 2020 թվականին Արցախում սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ՝ առանցքային նշանակություն ունեցող օրենքների ընդունումը: Խմբակցության ղեկավարը առաջարկել է օժանդակել նաև ընտրական գործընթացներում ներգրավված համապատասխան մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ընտրությունները լուսաբանող լրագրողների, դիտորդական առաքելություն իրականացնողների և կուսակցությունների վերապատրաստման հարցում:

«Բոլորիս համար չափազանց կարևոր է, որ Արցախի Հանրապետությունում առաջիկա ընտրությունները լինեն ժողովրդավարության չափանիշ՝ թե տարածաշրջանի և թե ամբողջ աշխարհի մակարդակով»,-ընդգծել է Լիլիթ Մակունցը:

Հանդիպմանը ելույթներ են ունեցել նաև ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Երկու խորհրդարանների պատգամավորների հանդիպումները այնուհետև շարունակվել են մշտական հանձնաժողովներում՝ աշխատանքային քննարկումների ձևաչափով:

Օրվա երկրորդ կեսին «Իմ քայլը» խմբակցության անդամները ոլորտային հանդիպումներ են ունենալու Արցախի Հանրապետության գործադիր իշխանության պատասխանատուների՝ Կառավարության անդամների հետ: