ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խաղաղությունը շեշտադրվում է որպես միջոց կամ միջավայր
2019-03-30 17:20:29

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատմամբ՝ Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում: Այդ մասին համանախագահները շեշտել են հայտարարությամբ:

«Երկու ղեկավարներն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման և բանակցային գործընթացում հետագա հստակ և զգալի քայլեր ձեռնարկելու կարևորությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Վերհիշելով իրենց զրույցը Դուշանբեում՝ առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ամրապնդմանը և անմիջական շփման մեխանիզմների բարելավմանը: Նրանք համաձայնել են նաև հումանիտար ոլորտում մի շարք գործընթացներ զարգացնել»: Ասվել է համանախագահների հայտարարության մեջ:

Ավստրիահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ իր գնահատականը բարձրաձայնեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ հանդիպումը դրական է գնահատում, սակայն չի կարող ասել, թե բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն:

Վիեննայի հանդիպումը դրական է գնահատել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Որոշ վերլուծաբաններ նկատել են, որ առաջին անգամ նմանօրինակ հանդիպումից հետո կողմերը նմանվող տեսակետներ են հայտնել: Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նկատում է, որ, այնուամենայնիվ, այս հանդիպումը մեծ փոփոխություններ չբերեց՝ կողմերը ամբողջովին հակադիր տեսակետներ ունեն եւ դա պահպանվում է:

«Բայց շատ կարեւոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր պատկերացումների, մեր խնդիրների մասին»:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով՝ այդ հանդիպումը կարելի էր գնահատել բանակցություններ, քանի որ առաջին հանդիպումն էր եռանախագահների միջնորդությամբ և մասամբ մասնակցությամբ:

«Հանդիպումը գնահատվեց որպես դրական, կառուցողական, թեև դժվար է որոշել, թե ինչն է կառուցողական, դրական, բայց ցանկացած հանդիպում ավելի լավ է՝ անգամ ոչ արդյունավետ, քան չհանդիպելը»:

Անդրադառնալով հումանիտար դաշտում գործողություներին՝ քաղաքագետը նկատեց, որ թեև դա հստակեցված չէ, բայց կարելի է ենթադրել, որ պատանդների փոխանակման մասին է խոսքը, և կարևոր է, թե կողմերը «պատանդ» ասելով ինչ են հասկանում, քանի որ կան մոլորված քաղաքացիներ, բայց կան նաև դիվերսանտներ, և տեղին չէ նրանց ընկալել որպես պատանդ:

Փաստաթղթում թե՛ դրական, թե՛ բացասական էլեմենտներ կան՝ ասում է ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նա բացասական է համարում, որ որեւէ կերպ ամրագրված չկա Հայաստանի հայտարարած երկու սկզբունքային հարցերի՝ Արցախի վերադարձ բանակցություններին եւ կարգավորման սկզբունքների ու դրույթների հստակեցմանը:

Որպես դրական հանգամանք Մարկարովը կարեւորեց այն, որ համանախագաների հայտարարությամբ խաղաղությունը շեշտադրվում է որպես միջոց կամ միջավայր, որի շրջանակներում պետք է կարգավորվի կոնֆլիկտը: Միաժամանակ քաղաքագետը նկատեց, որ այս հարցում էլ պատկերացումները միանգամայն տարբեր են:

Արա Պապյանը նույնպես կարծում է, որ խաղաղության մասին պատկերացումները տարբեր են, հետեւաբար եւ՝ ինքը չի տեսնում հարցի լուծում բանակցությունների միջոցով:

«Ես արցախյան հարցի բանակցային լուծում չեմ տեսնում, մադրիդյան սկզբունքները խիստ շահավետ են Ադրբեջանին, բայց նրանք նույնիսկ սրան չեն համաձայնում: Ադրբեջանը երբևէ չի զիջել, իսկ Հայաստանը մշտապես զիջել է: Տվեք Ղարաբաղը, միևնույն է, կոնֆլիկտը չի վերջանալու»:

Ի դեպ, խնդրին այսօր անդրադարձել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որ այս օրերին գտվում է ԱՄՆ-ում: Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը արձագանքելով «տարածքներ խաղաղության դիմաց» ձեւակերպմանը շեշտել է՝ որպես պաշտպանության նախարար վերաձեւակերպում եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Ոչ մի բան չի զիջվելու: Հնարավոր են կոմպոմիսներ: Մենք խրամատային վիճակից՝ անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք, ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք՝ շեշտել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

0:00
0:00