ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանը կարմրուկ-կարմրախտի դեմ ապահովել է իր իմունիտետը
2019-03-30 17:34:46

Լիանա Եղիզարյան
«Ռադիոլուր»

2007-ից Հայաստանում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվում. Մեր երկիրը մասնագետները գնահատել են կարմրուկ-կարմրախտից ազատ գոտի: Այստեղ կարմրուկի դեպքերը արձանագրվում են դրսից եկողների մոտ, այս տարի արդեն՝ 4 նման դեպք: Ուստի պատահական չէ, որ վարակակիրների՝ Հայաստան մուտք գործելուց հետո նրանց հետ նույն թռիչքով երկիր եկածներին ու նրանց հետ սերտ շփում ունեցողներին առողջապահության նախարարությունն անմիջապես հորդորել է պատվաստվել՝ խուսափելու հնարավոր ծանր զարգացումներով վարակից:

Հայաստանը կարմրուկ-կարմրախտի դեմ ապահովել է իր իմունիտետը՝ շնորհիվ պատվաստվածության բարձր՝ մոտ 95 տոկոս ցուցանիշի: Սակայն 2017-ից այս ցուցանիշը նվազել է 1-2 տոկոսով. հակապատվաստումային քարոզչությունն է պատճառը՝ նկատում են մասնագետներն ու մտահոգվում՝ կոլեկտիվ իմունիտետի անկումը կարող է վտանգել երկրի՝ մեծ դժվարությամբ ապահոված կայուն համաճարակային իրավիճակը՝ սպառնալով արդեն ամեն առանձին անձի: ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը ներկայացնում է մտահոգիչ վիճակագրություն ապահովող երկրների իրավիճակը:

«Ողջ աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, համաճարակային առումով լարված իրավիճակ է: Ուկրաինայում 2018-ին կարմրուկի մոտ 54 հազար դեպք է գրանցվել, նաեւ՝ մահվան ելքով: Մեր հարեւան Վրաստանում էլ համաճարակային առումով վիճակը մտահոգիչ է: Այս առումով կարմրուկը մեզ անհանգստացնում է, ուստի բերովի ամեն դեպքի հետ կապված առանձին իրազեկում ենք, որպեսզի այն անձինք, ովքեր շփվել են հիվանդի հետ, դիմեն պոլիկլինիկա՝ պատվաստվելու, որպեսզի իրենք էլ չհիվանդանան»:

Կարմրուկի պլանային պատվաստումներ ստանում են 1 եւ 6 տարեկան երեխաները: Սակայն հանրապետության պոլիկլինիկաները պատրաստ են պատվաստել բոլորին, ովքեր շփվել են հիվանդների հետ, ժամանակին թերի են ստացել պատվաստումը կամ առհասարակ չեն ստացել: Եթե անգամ մարդը լավ չի հիշում՝ ժամանակին պատվաստվել է, թե ոչ՝ մեկ դեղաչափ նոր պատվաստումը նրան իմունիտետի ամրացման օգտից բացի այլ վնաս չի տա՝ վստահեցնում է մասնագետն ու հիշեցնում՝

«Քանի որ ունեցանք բերովի դեպքեր, այդ առումով կա համաճարակաբանական իրավիճակ, եւ համաճարակաբանական ցուցումով իրականացվող պատվաստումները բոլոր տարիքային խմբերի համար անվճար են»:

Որպես համեմատություն՝ Ուկրաինայում կարմրուկի դեմ պատվաստման ցուցանիշը ընդամենը շուրջ 50 տոկոս է: Հետեւանքը՝ կարմրուկի համաճարակային վիճակ: Հայաստանում պլանային պատվաստման ցուցանիշը 95-96 տոկոս է: Որպես արդյունք՝ մեր երկիրը տարիներ շարունակ չի գրանցում պատվաստումներով կանխարգելվող մի շարք ծանր հիվանդություններ՝ պոլիոմիելիտ, դիֆթերիա, փայտացում: Նաեւ՝ կարմրուկ ու կարմրախտ: Հակապատվաստումային տրամադրությունները ռիսկի տակ են դրել նաեւ եվրոպական երկրների կոլեկտիվ իմունիտետը այն վարակների դեմ, որոնց դեմ հաղթանակը ապացուցողական բժշկության ամենամեծ ձեռքբերումներից է: Սա նշանակում է ուղղակի վտանգ ամեն առանձին անհատի առողջությանն ու անգամ կյանքին: Մինչդեռ կարմրուկի առնվազն 2 դեղաչափը 96-98 տոկոսով ապահովում է ցմահ իմունիտետ:

0:00
0:00