ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեղադրվում են Արշալույս և Եղեգնուտ համայնքների ղեկավարները
2019-04-01 13:23:22

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի դեմ ուղղված բողոքի ցույցերը տևական ժամանակ է դադարել են, քանի որ հարուցված քրեական գործերի քննության պատճառով նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է: Քրեական գործ է հարուցվել նաև Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի նկատմամբ:

Դեռ նախորդ տարում Արշալույս գյուղում Արմավիրի մարզպետարանն իրականացրել էր իրավական և մասնագիտական հսկողություն, հայտանաբերել խախտումներ: Արմավիրի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ իրավական և մասնագիտական հսկողության արդյունքներով հարուցվել է քրեական գործ:

Հայտնաբերված խախտումներով մասնավորապես անտեսվել են «Տեղական ինքնակառավարման մասին», «Նախադպրոցական կրթության մասին» «Հաշվապահական հաշվառման մասին», «Գնումների մասին» օրենքների մի շարք դրույթներ: Հարուցված քրեական գործերը վերաբերում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու պաշտոնական դիրքը օգտագործելով յուրացմանը կամ վատնելուն:

Երկրորդ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, զենքի գործադրման, մարդուն առևանգելու, առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու մի շարք հոդվածներով: Զարզանդ Գրիգորյանը ճանաչվել է մեղադրյալ և նրա պաշտոնավարումը մարտի 1-ից ժամանակվորապես դադարեցվել է:

Քրեական գործ է հարուցվել նաև Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի նկատմամբ: Մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողության արդյունքներով պարզվել է, որ Եղեգնուտ համայնքի ղեկավարի մերձավորներին են պատկանում գյուղի արտադրական նշանակության մի շարք շինություններ: Համայնքում խախտվել է հողային օրենսգրքի պահանջները, ՏԻՄ օրենքի դրույթները: Հայտնաբերվել են չարաշահումներ և այլ խախտումներ:

Արշալույս համայնքի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես իրականացնում է տեղակալը, իսկ Եղեգնուտում նախորդ տարվա օգոստոսից համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը:

Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղը նույնպես համայնքի ղեկավար չունի: Արթուր Մանուկյանն անցած տարի նոյեմբերին հրաժարական տվեց, ապա փետրվարի 17-ի ընտրություններում նորից իր թեկնածությունն առաջադրեց և ընտրվեց համայնքի ղեկավար: Ընտրություններից հետո համագյուղացիները բողոքի ցույցեր էին կազմակերպել Արթուր Մանուկյանի դեմ և պահանջել համայնքում իրականացնել ներքին աուդիտ՝ բացահայտելու համայնքի ղեկավարի չարաշահումները: Բողոքի ցույցերից հետո համայնքի ղեկավարը հեռացել է երկրից: Վարդանաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ազատ Գրիգորյանն ասաց, որ նա ընտրություններից հետո, ցույցերի ժամանակ արդեն երկրում չէր:

Վարդանաշենում դարձյալ համայնքի ղեկավարի նոր ընտրություններ են սպասվում:

0:00
0:00