ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞ր օրենքները չընդունվեցին
2018-11-16 12:53:41

Նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Քվեարկվել են նախորդ օրերին քննարկված օրենքների նախագծերը, որոնցից ընդունվել է միայն առաջին ընթերցմամբ քննարկված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովը վերաքվեարկությունից հետո ևս չընդունեց: Նախագծի հեղինակներն են Միհրան Հակոբյանը, Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը: Նախագծին երկրորդ անգամ կողմ քվեարկեց 43 պատգամավոր, դեմ՝ 0 և ձեռնպահ՝ 14 հոգի:

Նախագծով առաջարկվում է Հայ առաքելական եկեղեցու սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա Հայ առաքելական եկեղեցու համաձայնությունը, հավաքների անցկացումը սահմանափակել:

Մյուս օրենքները չընդունվեցին, քանի որ ԱԺ դահլիճում ներկա միայն 28 պատգամավոր էր ներկա։

Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, կես կատակ, կես լուրջ առաջարկեց «սրբերի կարգում» դասել այդ 28 պատգամավորներին։

«Ահա, թե ինչու պետք է այս խորհդարանը ինքնալուծարվի»,- ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որի հեղինակած օրինագիծը հայտնի պատճառով չանցավ։

Նա ուսանողներին խորհուրդ տվեց չվհատվել, եւ պայքարել իրենց իրավունքների համար։

ԱԺ–ում նոյեմբերի 15–ին առաջին ընթերցմամբ քննարկվեց ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր վճարովի հիմունքներով սովորողներին հնարավորություն տալ ուսման վարձը վճարել ըստ կիսամյակների կամ ամիսների։

Նախագծի հեղինակը իր ելույթում ընդգծեց, որ նախագծով առաջարկվում է մի նախադասության փոփոխություն, որով կտրուկ կփոխվի մարդկանց ճակատագրեր, հնարավորություն տալ այդ նույն գումարները վճարել ամսական տարաժամկետմամբ։

Դիմելով բացակա պատգամավորներին էլ ասաց, որ «եթե քվեարկության պահին անհրաժեշտ քվորում չլինի, ապա ուսման վարձի պատճառով բուհերից դուրս մնացող բոլոր ուսանողների ճակատագրերի պատասխանատուն լինելու են բացակա պատգամավորները»։

Հեղինակների առաջարկով շրջանառությունից հանվել է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Քվեարկությունների ավարտից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 11-00-ին ՀՀ կառավարության կողմից հրավիրվել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: