ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օպերայի արտիստները վարչապետի հետ համաձայնության եկան
2019-04-01 18:02:44

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Մի քանի օր է Օպերայի թատրոնի տնօրենի հարցը դարձել է հայաստանյան մշակույթի գլխավոր խնդիրը: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն այսօր խոստացել էր ներկայացնել տնօրենի նոր անուն, փոխարենը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Օպերայի աշխատակիցները հայտնել են, որ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի թատրոնի փոխտնօրենը:

Մոտ մեկ ժամ տևեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների հանդիպումը: Թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը հանդիպումը գնահատում է դրական՝ ներկայացնելով արդյունքները:

«Պարոն վարչապետն ասաց, որ այս պահին ինքն անձամբ երաշխավորում է, որ Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պարտականությունները «դրսից» որևէ մեկի վրա չեն դրվի ու դրանք կկատարի մեր փոխտնօրենը։ Պայմանավորվել ենք, որ մենք այսօր կստանանք այն օրենքի կետերը, այն խնդիրները, հիմնավորումները, որոնք, այսպես կոչված, կային, ու գրավոր կպատասխանենք դրանց՝ ներկայացնելով հակափաստարկներ»,- նշեց Արզումանյանը:

Իսկ փաստարկներ, թե ինչու չպետք է Օրբելյանը մնա թատրոնի տնօրեն, Արզումանյանի խոսքով, մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը ներկայացրել է վարչապետին՝ բավական մեծաքանակ ու հիմնավոր:

Անցնելով առաջ. Կոստանտին Օրբելյանի՝ աշխատանքից ազատման հարցից զատ, 7 հոգանոց խումբը վարչապետի մոտ էր դիմում-նամակով՝ կազմված 3 կետից: Մեկը՝ մշակույթի ոլորտը համակարգող Նազենի Ղարիբյանի հրաժարականի պահանջն էր, մյուսը՝ մշակութային ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Կառավարության դիմաց բողոքի ձայն բարձրացնող մշակութային գործիչների հետ էին նաև ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանը և Աննա Կոստանյանը: Պատգամավոր Գորգիսյանը շեշտում է՝ այսչափ տարբեր բողոքներ նույն ոլորտում խոսում են առկա խնդիրների մասին:

Բողոքի ակցիա՝ մշակույթի նախարարի որոշման դեմ 

«Տեսնում եք՝ ոլորտի ներկայացուցիչները բողոքում են, բոլորը դժգոհ են և առաջին հերթին պետք էր հենց Օրբելյանի հետ խոսել, լսել, հասկանալ, թե ինչ է կատարվել առհասարակ և ճիշտ գնահատականը տրվեր»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ այս ամենից ելնելով՝ պնդում են՝ մշակույթի նախարարությունը պետք է մնա և մշակույթի նախարարը դեռ անելիքներ ունի:

Մինչ կառավարության շենքի դիմաց սպասում էին ներսից եկողներին, բոլորի ուշադրության կենտրոնում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը հայտնվեց: Օրբելյանի ազատման լուրը օրակարգ բերեց հենց նրա անունը՝ որպես ցանկալի թեկնածու Օպերայի տնօրենի պաշտոնում:

Արմեն Սարգսյանը խոսեց, թե նոյեմբերին առաջարկ եղել է որոշ արտիստների կողմից, բայց.

«Ես պետական առաջարկ չէի ստացել։ Նազելի Ղարիբյանից էլ առաջարկ չեմ ստացել: Ես նույնիսկ ասել եմ, որ պետք է Օրբելյանի հետ խոսել, հասկանալ: Այդ թղթաբանությունով մի քիչ սխալ է մեծ արտիստի հետ խոսելը, որովհետև մաեստրո Օրբելյանը մեծ արտիստ է, և կարծում եմ՝ ինքը պետք է Հայաստանին և հայ մշակույթին»,- ասաց նա:

Բեմից փողոց, անգամ այստեղ օպերայի աշխատակիցները բարձրացրեցին իրենց բողոքի ձայնի մշակութային ելևէջները:

Կառավարության շենքից Օպերայի շենք մշակութային ոլորտի աշխատակիցները գնացին արագ՝ հակափաստարկներ ձևակերպելու և վարչապետին նորից հանդիպելու սպասումով: