ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փորձագետները՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին
2019-04-01 18:14:06

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Փաշինյան-Ալիեւ Վիեննայի հանդիպման արդյունքներին անդրադառնալով՝ փորձագետները կարծիք են հայտնել, որ թեպետ այն կողմերը դրական են գնահատում, իրենք նույնպես կարծում են, որ դրական է, սակայն, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին այդքան էլ չեն հավատում:

Փորձագետները կարծում են, որ ամեն հարցի շուրջ կարելի է պայմանավորվել, սակայն, Արցախի կարգավիճակի հարցում մոտեցումները սկզբունքային են ու հակասական եւ այստեղ ոչինչ չի փոխվելու:

Նրանք նկատել են, որ խաղաղության մասին հայտարարություններն էլ Բաքվում այլ ընթացք են ստանում՝ պատերազմի քարոզչություն ամենաբարձր մակարդակներով: Մարդասիրական քայլեր ասվածն էլ Ադրբեջանում այլ կերպ են հասկանում: Նրանք դա կապում են ռազմագերիների-դիվերսանտների հետ, որոնց Բաքուն հերոսացնելու է: Որոշ փորձագետներ էլ կարծում են, որ հայկական կողմը չպիտի համաձայնի լիարժեք բանակցությունների վերականգմանը՝ առանց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման պահանջի:

Թեպետ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը դրական է գնահատվում, սակայն, արդյունքների տեսակետից փորձագետներն ակնկալիքներ չունեն: Մոդուս վիվենդի վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանն, օրինակ, ձեւակերպեց, թե. «Դրա պատճառը Ադրբեջանի այն կոշտ  դիրքորոշումն է, որ վաղուց  ի վեր նա ունի»:   

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, սակայն, կարծում է, որ այն ձեւաչափով, որ տեղի ունեցավ այս հանդիպումը, արդեն իսկ արդյունք է:

Չկա ոչ մի նոր փուլ՝ ասաց Իսկանդարյանը: Ըստ նրա, Մադրիդյան սկզբունքներն էլ մնում են այն լեզուն, որով կընթանան խոսակցություններն առնվազն առաջիկա տարիներին, եթե ոչ տասնամյակներին: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նույնպես կարծում է, որ բանակցային նոր փուլի մասին խոսելն անիմաստ է.

 «Իհարկե, Ադրբեջանի նախագահը, ինչպես միշտ, բավականին մեծ ազատություն է տալիս սեփական խոսքին՝ այն անվանելով ինչ-որ թռիչքային փուլ, մեկնարկային փուլ բանակցություններում, համենայնդեպս, կարեւոր է տեսնել, որ հայկական կողմի եւ, ինձ թվում է, նաեւ միջնորդների կողմից այս պրոցեսին վերաբերմունքը հետեւյալն է՝ սրանք նախապատրաստություն են բանակցությունները վերսկսելու համար»:

Այս հանդիպմանը ամեն կողմ ուներ իր խնդիրը: Ըստ Արա Պապյանի, Ադրբեջանը երկու բան էր ցանկանում՝ ցույց տալ, թե բանակցությունները ընթանում են եւ ընթանում են նույն ձեւաչափով: Այդպիսով՝ դուրս թողնելով 2016-ին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները:

«2016-ի ապրիլյան դեպքերից հետո հայկական կողմը որոշակի նախապայմաններ էր դրել՝ բանակցությունները վերսկսելու համար եւ, սրանով հանդերձ, Ալիեւը լուծում էր իր խնդիրները եւ, կարծում եմ, լուծեց»:

Գործընկերոջ հետ համակարծիք է  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա ակնկալում է, որ որոշ հարցերի կարձագանքի Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսին, օրինակ, թե ինչո՞ւ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները դուրս մնացին այս հանդիպումից, ի՞նչ է խոսվել բանակցային սեղան Արցախի վերադարձի հետ կապված:

«Քանի որ հենց Նիկոլ Փաշինյանը հարցը դրեց, որ սկզբունքային հարց է, որ Արցախը պետք է վերադառնա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր օրվա երկրորդ կեսին ՖԲ ուղիղ եթերում հանդես եկավ պարզաբանմամբ: Արցախի՝ բանակցային սեղան վերադարձնելու հարցին նույնպես նա անդրադարձավ՝ շեշտելով, որ խոսակցություն եղել է, բայց, բնականաբար համաձայնություն չկա:


Բանակցային սեղան Արցախի վերադարձի հետ կապված՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսպիսի կարծիք հայտնեց. 

«Ես կարծում եմ, որ այդ հարցը ճիշտ է բարձրացված,  բայց, ըստ երեւույթին, ժամանակի կարոտ է, որպեսզի այդ հարցն այնպես լուծվի, ինչպես որ մենք ենք ուզում»: 

Արա Պապյանն, օրինակ, կարծում է, որ պետք է արդեն սպասել Ադրբեջանի դիրքորոշման կոշտացում: Քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ համոզված է, որ Արցախի կարգավիճակի հարցը սկզբունքային է, որտեղ հնարավոր չի լինի պայմանավորվել.

«Ամեն ինչի շուրջ հնարավոր է պայմանավորվածության գալ, բացի արցախի կարգավիճակից: Երկու հակասող մոտեցումները, բնականաբար, շարունակելու են իրար հակասել եւ այստեղ ոչինչ փոխել, պարզապես, հնարավոր չի լինելու»:  

Ինչ վերաբերում է հայկական կողմի այն դիտարկամը, որ որոշ բաներ պարզաբանելու անհրաժեշտություն կա: Արա Պապյանը կարծում է, որ եթե Մադրիդյան սկզբունքների վրա պիտի շարունակվեն բանակցությունները, ապա՝ պարզաբանելու շատ բաներ էլ չկան, քանի որ որեւէ պարզաբանում չի կարող փոխել հարցի էությունը:

0:00
0:00