ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ուկրաինական նախագահական ընտրություններում հաղթում է վիրտուալ իրականությունը
2019-04-01 19:22:44

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Երեկ կայացած Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի այսօր՝ օրվա ավարտին, սակայն արդեն պարզ է, լինելու է երկրորդ փուլ՝ շոումեն Միախայիլ Զելենսկու և գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի մասնակցությամբ:

Ուկրաինացի քաղաքագետ, Հասարակական հարաբերությունների կենտրոնի գործադիր տնօրեն Եվգենի Մագդան Ռադիոլուրի հետ հարցզարույցում նշում է. Միխայիլ Զելենսկու երեկվա հաղթանակը ամենևին էլ չի նշանակում, որ երկրորդ փուլում նույնպես հաղթանակը նրա կողմն է լինելու:

Նախօրեին կայացած քվեարկության արդյունքներով դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին, ինչպես և կանխատեսվում էր, ընտրապայքարի առաջատարն է. նրա օգտին է քվերակել ընտրողների շուրջ 30 տոկոսը, ինչը, սակայն բավարար չէր  նրա հաղթանակը մեկ փուլով ամրագրելու համար, ուստի երեք շաբաթից՝ ապրիլի 21-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:

Ի դեպ, եթե առաջին փուլում Զելենսկու առաջատար լինելը կանխատեսելի էր, մինչև վերջին պահը պահպանվում էր ինտրիգը, թե ով կլինի նրա մրցակիցը երկրորդ փուլում՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն, թե Բատկիվշչինայի առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն: Սակայն մոտ երեք տոկոս առավելությամբ երկրորդ փուլ անցավ Պորոշենկոն: Տիմոշենկոն իր քաղաքական պարտությունը չի ընդունում:  

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով, ընտրություններն անցել են առանց լուրջ ընտրախախտումների, մի քանի ընտրատեղամասերում եղել են անսթափ վիճակում գտնվող հանձնաժողովի անդամներ, տեղ են գտել որոշ խախտումներ, բայց, ներքին գործերի նախարարությունից վստահեցրել են. դրանք համակարգային բնույթ չեն կրել, ուստի չեն ազդել քվեարկության արդյունքների վրա:

Չնայած նախագահական ընտրապայքարի առաջին փուլում քաղաքական փորձ չունեցող Վլադիմիր Զելենսկին շոշափելիորեն առաջ ընկավ երկրի գործող նախագահ և փորձառու քաղաքական գործիչ Պետրո Պորոշենկոյից, երկրորդ փուլում նրա հաղթանակը երաշխավորված չէ:

Պորոշենկոն, ինչպես փորձագետներն են փաստում, ունի լուրջ հաղթաթուղթ՝ նահանգապետերի  և խոշոր քաղաքների ղեկավարների աջակցությունը, այսինքն վարչական լծակների մասին է խոսքը:

Այսինքն, առաջին փուլում առաջատար լինելը դեռևս չի նշանակում, որ հենց Զելենսկին կդառնա Ուկրաինայի հաջորդ նախագահը, հնարավոր է Պորոշենկոն պահպանի նախագահական աթոռը:

Ուկրաինայի ընտրապայքարի նրբությունների մասին խոսելիս՝ Ռադիոլուրի հետ բացառիկ հարցազրույցում ուկրաինացի քաղաքագետ, Հասարակական հարաբերությունների կենտրոնի գործադիր տնօրեն Եվգենի Մագդան, պատասխանելով մեր հարցին, արդյոք շոումենի հաթղանակը նախագահական ընտրապայքարում վկայում է, որ Ուկրաինայի ավանդական քաղաքական ուժերն այլևս կորցրել են ընտրազանգվածի աջակցությունը, նշում է.

«Զելենսկու թիմը նրա համար բավականին հաջող կերպար է ստեղծել, նա կարծես մաքուր թուղթ լինի, որի վրա ցանկացած ընտրող կարող է գրել այն, ինչ ինքը կկամենա, բացի այդ նա ներկայանում է որպես գործող իշխանությունների ընդդիմախոս, ուստի ստացվել է բավականին հետաքրքիր կերպար: Սակայն խնդիրն այն է, որ պարոն Զելենսկին չի շտապում պատասխանել երկրի համար առանցքային, խնդրահարույց հարցերին, ինչը կարող է նրա հետ չար կատակ խաղալ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում»:

Որպեսզի Զելենսկին չհաղթի նաև երկրորդ փուլում, Պորոշենկոն պետք է նոր ուղերձներ նախապատրաստի ընտրողների համար, նախընտրական քարոզչության նոր ռազմավարություն մշակի, նշում է  ուկրաինացի քաղաքագետը:

«Մի կողմից ժամկետը բավականին կարճ է, սակայն մյուս կողմից էլ Պորոշենկոն ունի լուրջ քաղաքական փորձ, ուստի ես չէի շտապի Զելենսկուն անվանել 100 տոկոսանոց հաղթող երկրորդ փուլում, թեև նման գայթակղություն բազմաթիվ փորձագետներ և ուկրաինացիներ ունեն»:

Դերասան և շոումեն Միխայիլ Զելենսկին քաղաքական փորձառություն չունի, թեև նախագահ արդեն հասցրել է լինել՝ էկրանին: «Ռադիոլուր»-ի հարցին, նշանակում է սա արդյո՞ք, որ վիրտուալ իրականությունն արդեն արտացոլվում է իրական կյանքում, Եվգենի Մագդան պատասխանում է:

«Մեծ հաշվով՝ այո, այսինքն շատ ընտրողներ Զելենսկուն նույնականացնում են նրա էկրանային կերպարի հետ: Բացի այդ, նրա քաղաքական թիմի գործողությունների տակտիկան նախապես շատ լավ մշակվել էր»:

Տեսնենք, թե ինչ գործողությունների տակտիկա կմշակի արդեն հաջողած Զելենսկու քաղաքական թիմը ընտրությունների երկրորդ փուլի համար եւ ինչ կարող է դրան հակադրել նախագահը՝ Պորոշենկոն։ Սա հատկապես կարեւոր է, եթե նկատի ունենանք, որ ուկրաինական հասարակությունը հոգնել է ավանդական  քաղաքական ուժերից։ Եվ հոգնել է ոչ միայն ուկրաինական հասարակությունը։  

0:00
0:00