ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պարտություն խոշոր քաղաքներում. ո՞րն է Էրդողանի պարտության պատճառը 
2019-04-01 19:33:45

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Էրդողանի ձեռքից ընդդիմադիրները վերցնում են պետության մեծ քաղաքաների կառավարման բանալիները: Նման գլխագրերով են այսօր իրենց մեկնաբանությունները սկսում միջազգային ԶԼՄ-ները՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններին: Անակնկալ արդյունք իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար, իսկ քաղաքական առումով սպասելի:  

Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Անթալիա. այս չորս մեծ քաղաքաներում Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյուքներով հաղթում է ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»: Թեկուզ եւ տոկոսային քիչ առավելությամբ, բայց քեմալականներն առաջ են անցել նախագահ Էրդողանի կուսակցության թեկնածուներից:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ըստ նախնական արդյունքների, ստացել է շուրջ 44 տոկոս քվե, ու գերազանցել է նախորդ ՏԻՄ ընտրություններում գրանցած իր ցուցանիշը, բայց պարտվել է՝ զբոսաշրջային, տնտեսական, եւ քաղաքական առումներով իշխանության համար առանձնահատուկ տեղ զբեղեցնող խոշոր քաղաքներում:

Ստամբուլի «Ակօս» պարբերականի հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը զարմացած չէ նման արդյունքներից, քանի որ, ըստ հրապարակախոսի, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը չէր կարող վստահության քվե դառնալ իշխող քաղաքական ուժի դիրքերի ամրապնդման համար:

«Այս անգամ սպասելի էին, որ իշխող կառավարության թեկնածուները զիջեին իրենց դիրքերը հանրապետության մեծ քաղաքներում: Հիմնական ազդակները նման արդյունքի հետեւյալ է՝ տնտեսական ճգնաժամը, անգործությունը, սղաճը: Իշխող քաղաքական ուժից որոշ չափով հիասթափված են»:

Դեռեւս շարունակվում է ինտրիգը պահպանվել Ստամբուլում, Ռեջեփ Թայիփի համար առանցքային համարվող քաղաքներից մեկում: 28 հազար ձայնի տարբերությամբ քեմալական «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթում է «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին ղեկավար եւ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմին: Ժողովրդա-հանրապետական եւ քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունների տակտիկական դաշինքը, փաստորեն, Էրդողանի համար պարտություն դարձավ։ Ընտրական ելքը այսպես է գնահատում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։

«Իմ ուշադրությունը գրավում է այն հանգամանքը, որ երեք կարեւոր կետերում էլ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը չի առաջադրել իր թեկանածուներին  եւ աջակցել է քեմալականներին: Նրանց հաղթանակը  առանց  քրդերի աջակցության անհնար կլիներ: Երկու կուսակցություններին միավորում է Էրդողանի դեմ ընդհանուր ճակատով գործելու հանգամանքը, քանի որ երկու կուսակցություններն էլ այսօր Էրդողանի թիրախում են: Այսպես ասած, տակտիկական դաշինքի մեջ են»:

Թուրքագետը կարծում է, որ ընտրական գործընթացներից հետո իշխանություններն էլ ավելի կուժեղացնեն ընդդիմադիրների նկատմամբ բռնության ալիքը: Հավելեմ, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը 44 պատգամավորի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով նրանց անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ է ուղարկել մեջլիս: Նրանց շարքում է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Միջնորդություններն ուղարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից ընդամենը 1 օր առաջ՝ մարտի 30-ին:

«Ճնշումներն ավելի կմեծանան, քանի որ 2015 թվականից հետո Քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը հաղթահարեց 10 տոկոսանոց ընտրաշեմը եւ հայտնվեց խորհրդարանում՝ մեծ վնաս հասցնելով ԱԶԿ-ին: Այդ ժամանակվանից կուսակցությունը գտնվում է Էրդողանի թիրախում: Անգամ Էրդողանի կուսակցությունը որոշել էր չառաջադրել թեկնածու Կարսի եւ Իգդիրի նահանագներում՝  հօգուտ ազգայնականների։ Անգամ տեսակետ կար, որ Իլհամ Ալիեւն էր նման խնդրանքով դիմել Էրդողանին, բայց հաղթեցին քրդամետները»:

Ստամբուլահայ Բագրատ Էստուկյանը քաղաքական գործընթացների առումով նույնպես նոր զարգացումներ է ակնկալում: Իշխող կուսակցությունը 17 տարվա միաձնյա իշխանությունից հետո նահանջի շրջան է ապրում։ Հետայսու նահանջն ավելի մեծ թափով է լինելու՝ շեշտում է Էստուկյանը:

0:00
0:00