ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հավերժ փառք ու խնկարկում ապրիլյան քառօրյայի զոհերին
2019-04-02 10:33:28

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Ապրիլյան քառօրյան չլիներ, Սաշա Գալստյանը ճանաչված բժիշկ էր դառնալու: Նա հերոսաբար է զոհվել՝ ձեռքը ինքնաձիգի ձգանին: Սաշան հերոսի կոչման է արժանի: Պատերազմից 3 ամիս անց Սաշայի հայրը գնացել է, բարձրացել դիրքեր և որդու ծառայակից ընկերներից լսել Սաշայի հերոսության ու զոհվելու մասին:

Ապրիլյան քառօրյային հերոսաբար զոհված Սաշա Գալստյանի ծնողներն ապրում են Մեծամոր քաղաքում: Նրանք ոչ մի կերպ չեն հաշտվում միակ որդու կորստի հետ: Յուրաքանչյուր օրն ապրում են նրա հուշերով:

Նրա մանկական խաղալիքները եղել են զինվորներն ու զենքերը: Հիմա Սաշայի լուսավոր անկյունում պահպանվել է միայն մեկ զինվորիկ, մյուսները ընկերներն ու հարազատներն են տարել՝ իրենց հետ ունենալու մի փոքր հուշ, մի պատառիկ Սաշայից: Մայրը՝ Սոֆի Գալստյանը խոսում է որդու երազանքներից, որի մասին արտահատվել է նաև ուսուցչուհին:

«Չորրորդ դասարանում հանձնարարել էին գրել «Ինչ եմ ուզում դառնալ» թեմայով շարադրություն: Դասվարը դրանք պահել էր և վերադարձրել վերջին դասին: Տղայիս զոհվելուց հետո նա ասաց, որ Սաշան միակն էր, ով հասել էր իր նպատակին»:

Տարեմուտին լավ սովորույթ են ունեցել, երազաքները գրել բացիկի վրա ու ամրացրել տոնածառին: Սաշայի ցանկությունն անփոփոխ էր:

«Ես ցանկանում եմ, որ աստված օրհնի ինձ և իմ ապագա գործը: Ուզում եմ դառնալ լավ ատամնաբույժ»:

Սաշան գերազանցությամբ ավարտել էր բժշկական պետական քոլեջը, ապա ընդունվել Հայբուսակ համալսարանի 3-րդ կուրս: Քննությունների նախապատրասըմանը նրան օգնում էր կրտսեր քույրը՝ Աննան:

«Շատ էր կարդում, աչքերը լարվում էին, ուզեցի օգնել կարդալով, բայց կարդալու ընթացքում ես քնում էի, իսկ ինքը շարունակում կարդալ: Վերջին շրջանում շատ էինք մտերմացել, ամեն ինչ իրար պատմում էինք»:

Համալսարանի առաջին կիսամյակն ավարտելուց հետո նա դիմել էր Արմավիրի զինկոմիսարին՝ խնդրելով ծառայել բանակում: Սաշան տեսողական խնդիր է ունեցել, մի աչքի տեսողությունը բուժման արդյունքում վերականգնվել էր 70 տոկոսով:

Ծնողները հիշում են, թե ինչ պատասխանատվությամբ էր մոտենում յուրաքանչյուր գործին: Հայրենասիրությունը Սաշայի համար գաղափարախոսություն էր: Բանակում սանհրահանգիչ էր, կրտսեր սերժանտ, ուսումնասիրել էր իրենց վստահված զինտեխնիկան: Ապրիլյան պատերազմից օրեր առաջ ծնողները որդուն տեղեկացրել էին իրենց մտադրությունների մասին, որոշել էին գոմ կառուցել անասաուն պահել և նախապատրաստվել բանակից վերադարձի քեֆին: Սոֆի Գալստյանը հուզմունքը խեղդելով պատմում էր որդու արձագանքի մասին՝ էս ինչ հեռու եք գնացել:

Գործով տարված նրանք տեղյակ չեն եղել ապրիլի մեկի գիշերը սկսված պատերազմի մասին, չեն հավատացել, քանի որ որդու հետ գիշերը 1:00-1:30- սահմաններում են խոսել.

«Ասաց մա, բոլորին արթնացրու, ուզում եմ խոսել բոլորի հետ: Ուրախ էր, բայց նա մտածված ու հաշվարկած է եղել, որ հնարավոր է չփրկվի, մեզ ոչինչ չասած, ամեն ինչ քողարկել էր իր ժպիտի մեջ: Ոչ մեկիս մտքով չանցավ, թե ինչ պատերազմի մեջ էր»:

Դրանից հետո այլևս չկարողացան կապ հաստատել որդու հետ: Հայրը՝ Վաչագանը, կսկիծով է հիշում. «Իր պոստը հենց Լալալայկան էր, օգնություն չուղարկեցին ընդհանրապես: Մինչև լուսաբաց ինքը 112-ի թիկունքը պահեց: Իրենց կրակել են դիմացից և ետևից: Մինչև լուսաբաց կռիվ են տվել, մինչև կյանքի վերջին վայրկյանը, մինչև վերջին պատրոնը: Լուսաբացին սնայպերը գտնում, միայն իրեն է խփում»:

Լայնածավալ հարձակման ընթացքում Սաշայի մարմինը մնացել էր չեզոք գոտում: Ծնողները պատմում են, որ ընկերները միայն 4 օր հետո են կյանքի գնով կարողացել տեղփոխել: Իսկ ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3-ին նրանց հայտնեցին տան միակ ճրագի զոհվելու բոթը:

Սաշա Գալստյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության» Արցախի Հանրապետության «Մարտական ծառայության» և մի շարք մեդալներով: Ծնողները միակարծիք են՝ որդին զոհվել է հերոսաբար և արժանի է հերոսի կոչմանը: Սաշա Գալստյանի անունն է կրում Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցը: Սա դպրոցի տնօրենի ջանքերով, իսկ քաղաքապետի կողմից, որևէ ուշադրության չեն արժանացել: Ավելին՝ քառօրյա պատերազմի տարելիցին ԱԺ ընտրությունների հաղթանակը տոնել են հրավառությամբ:

Հավերժ փառք ու խնկարկում ապրիլյան քառօրյայի զոհերին:

0:00
0:00