ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանյան տանիքները նոր տեսք կստանան. յուրաքանչյուր շենքին կառաջարկվի անհատական լուծում
2019-04-03 12:38:57

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Կենտրոնի բազմաթիվ շենքերի տանիքներին կհանդիպենք կառուցված ձեղնահարկեր, որոնց մի մասը համապատասխանում է Երևանի ճարտարապետությանը, մի մասը՝ ոչ: Երևանի քաղաքապետարանը որոշել է հները բերել միասնական տեսքի, իսկ նոր ձեղնահարկեր կառուցելով լուծել տանիքների գեղագիտական տեսքը: Ի՞նչ է սա նշանակում:

Բազմաբնակարան շենքերի տանիքներին կառուցված մանսարդները քաղաքապետարանը չի պատրաստվում քանդել։ Ընդհակառակը, նորերի կառուցման ծրագրեր է նախաձեռնում։ Դա պետք է լինի քաղաքի հինգերորդ ճակատը՝ նշել էր քաղաքապետ Հայկ Մարությանը և ավելացրել, որ գործընթացը կլինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարտարապետի և ճարտարապետական բլոկի կողմից թույլատրված: Փարիզի EST համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի խոսքով՝ Երևանն ի սկզբանե մանսարդ` ձեղնահարկ չի ունեցել: Թամանյանն ու Բունիաթյանը մանսարդներ են կառուցել Պուշկին 25 և Նալբանդյան հասցեների շենքերի կտուրներին: Քանի որ Երևանի կլիմայական պայմաններում ձեղնահարկերը ձմռանը ցուրտ է, իսկ ամռանը տաք, դա էր պատճառը, որ ճարտարապետները բացառել են դրանց կառուցումը՝ ասում է քաղաքաշինության դոկտորը: «Միանձնյա որոշումներով Երևանի կենտրոնի շենքերը աղավաղում են»:

Մանսարդներ կառուցելով Երևանի թամանյանական դեմքի աղավաղման հետ չի համաձայում քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը. «Իհարկե, ոչ, ավելի կընդգծվի»:Վերջին 30 տարում կառուցված ոչ մի ձեղնահարկ համահունչ չի եղել շենքի ճարտարապետությանը՝ իր մտահոգություններն է շարունակում ներկայացնել Մարիամ Խաչատրյանը: Նոր մանսարդների կառուցման գործում մեծ դերակատարություն ունեն ոչ թե ճարտարապետները, այլ նկարիչները՝ ասում է: Շենքերի գեղագիտական տեսքը պահպանելու համար պետք է յուրաքանչյուր շենքին առաջարկվի անհատական լուծում:

Նոր մանսարդների կառուցումը լինելու է յուրաքանչյուր շենքի ճարտարապետությանը համահունչ՝ պնդում է քաղաքապետարանի պաշտոնյան: Երևանի բազմաբնակարան շենքերի անխնամ տեսք ունեցող տանիքները նոր տեսք կստանան ձեղնահարկերի կառուցման միջոցով.

«Ներկա պահին ցանկանում ենք որևիցե բազմաբնակարան բնակելի շենքի վրա փորձնական տարբերակով կիրառենք էդ մանսարդային հարկի կառուցումը և դրանից հետո անդրադառնանք այդ բնակելի շենքերի մյուս տարբերակներին»:

Իսկ ձեղնահարկերը կառուցելու են մասնավոր ընկերությունները, սակայն բնակելի շենքերի ընդհանուր բաժնային սեփականատերերի համաձայնությամբ:

«Ենթադրենք՝ մասնավոր ընկերությունը հանդիպում է շենքի բնակիչների հետ և պայմանավորվում, որ կառուցման դեպքում կվերանորոգի, օրինակ, վերելակը»:Մանսարդները կառուցելուց հետո, դրանք գնելու առաջնահերթությունները կտրվեն այդ շենքի բնակիչներին: Իսկ արդեն կառուցված ձեղնահարկերը բերվելու են միասնական տեսքի: Ապօրինի կառուցվածքների դեպքում, հնարավոր է, որ դրանք քանդվեն, իսկ օրինական ճանապարհով կառուցվածների դեպքում քաղաքապետարանը լուծման ճանապարհն էլ գիտի:

Քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը նկատում է, որ քաղաքապետարանը շենքերի տանիքները վերանորոգում է մասնավորի հաշվին: Այն, որ թամանյանական դասական շենքերի տանիքներին արդեն ավելացված հարկերը աղճատում են շենքի գեղագիտական տեսքը, համաձայն է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Սակայն, եթե մանսարդները կառուցված են նախագծով, ինչը եզակի է, լավ գործ է, ասում է.

«Եթե մեր տանիքներին նայենք, դրանք բոլորը վատ վիճակում են: Յուրաքանչյուր տեղից երևում են տանիքները, որոնք անխնամ վիճակում են: Բնակիչները պետք է սովորեն օրենքով անել այդ ամեն ինչը: Եթե կա նախագիծ, էդ նախագծով առաջնորդվեն»:

Սակայն բնակչության մոտ 95 տոկոսը այդ նախագծերը ձեռք են բերում և սկսում դրա վրա ստեղծագործել՝ ասում է ճարտարապետը: Սակայն սա էլ վտանգավոր չէ, որքան որ այդ ստեղծագործությունները կառուցվում են ծանր մետաղներից: Շենքերի տանիքներին ավելացվում են երկաթբետոնե հարկեր: Թեթև նյութերից կառուցելու դեպքում, դրանք օգնում են շենքին: Շենքերի տանիքներին լրացուցիչ բեռը խնդիրը է շենքի անվտանգության համար, ասում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի ղեկավարը՝ Արբակ Վարդանյանը, և ավելացնում, որ երևանյան շենքերի մեծ մասի տանիքները մետաղյա աղբով լի են, դրանք մաքերլուց հետո, թեթև նյութերով կկառուցվեն նոր ձեղնահարկեր:

0:00
0:00