ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանը ցուցմունք է տվել
2019-04-03 16:09:55

Ելք դաշինքի և Արթուր Այվազյանի (Մանախ) գործով դատավարությանն այսօր մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայի կարգավիճակով: Վարչապետը դատարանում ցուցմունք է տվել:

Ըստ գործի նյութերի՝ «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում միջադեպ էր եղել, որի ժամանակ նաև զենք էր գործադրվել: Արթուր Այվազյանին (Մանախ) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը, կամ փոխադրելը):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2017 թվականի մարտի 31-ին, ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փողոցի թիվ 53 շենքի բակում, անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության հանդեպ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Հարցաքննության ավարտից հետո վարչապետ Փաշինյանը ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչու է որոշել ներկայանալ դատարան, նշել է. «Դա ե՞ս եմ որոշում: Ես կարծում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, երբ ծանուցվում է քննիչի կամ դատարանի կողմից, պետք է ներկայանա»:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործի շրջանակում իր հարցաքննվելու մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այո, այդ թվում՝ այս դատարանում»: