ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Հայֆիլմ»-ի տարածքը վարձակալությամբ կտրվի «Կինոկետ Փրոդաքշնս»-ին
2019-04-03 17:31:53

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Կառավարության որոշմամբ` «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի»  մի հատվածը վարձակալության հանձնվեց «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸին: «Հայֆիլմի» տնօրենը որոշման նպատակի ու սպասվող արդյունքների մասին զրուցել է «Ռադիոլուրի» հետ։

Արդեն հայտնի է, որ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան» վարձակալության կհանձնվի «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 15 տարի ժամկետով` ամսական 800 000 դրամ վարձավճարով:

Որոշումն ընդունվել էր դեռ մարտի 21-ի կառավարության նիստում` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկով, սակայն մինչև օրս վարձակալության պայմանագիր չի կնքվել:

«Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Դավիթ Կարապետյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ պայմանագրում կան դրույթներ, որ դեռ ուսումնասիրվում են, փոփոխվում են ու քննարկվում: Բայց վստահեցնում է՝ պայմանագիրը շուտով կկնքվի, օրերի հարց է:

«Այս պահին «Հայֆիլմը» չունի պետական ֆինանսավորում և այստեղ բավականին անմխիթար վիճակ է, ներդրումներն անհրաժեշտություն էին, և եթե կգտնվեն նոր մարդիկ, որոնք պատրաստ են հավասարազոր ներդրումներ կատարել, մենք պատրաստ ենք նորից նստել բանակցային սեղանին և քննարկել մյուս տարածքների հարցը ևս»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նկատել էր, որ պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում պայմանագիրը միակողմանի կլուծվի, վարձակալն էլ կվճարի տուգանք` չկատարված ներդրման կրկնապատիկի չափով:

«Կինոկետ Փրոդաքշնսը» պայմանագրով նաեւ պարտավորվում է «Հայֆիլմ» կինոստուդիայում իրականացնել բացառապես կինոարտադրական գործունեություն:

«Վարձակալը պարտավորվում է 3-5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ, որից 2.5 մլն եվրոն բարելավումների` տարածքի և դրա կենտրոնական հատվածում գտնվող լողավազանի բարեկարգման, կանաչապատման, հյուսիս-հարավ ճանապարհին միացող հատվածի վերանորոգման, տարածքի լուսավորման, ինչպես նաև դրա կապիտալ վերանորոգման համար»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Մեկ նախագիծ էլ կա, որ կապված է «Հայֆիլմի» հետ. «Հայք» և «Ազգային կինոկենտրոնը» միավորել «Հայֆիլմի» հետ մեկ կառույցում: Դավիթ  Կարապետյանն այս նախագիծը  ևս մեկ կարևոր քայլ է համարում, ասում է՝ ունենք 3 նմանատիպ կառույց, որոնցից երկուսը ֆինանսավորվում են պետությունից, բայց չունեն տարածք, իսկ երրորդը ունի տարածք, բայց չունի ֆինանսավորում, հետևաբար միավորվելն արդյունավետ է։

«Ներդրումներով առաջին հերթին նախատեսվում է վերանորոգել «Հայֆլմի» երկրորդ տաղավարի տանիքը, որը փլուզման վտանգի տակ է։ Ունենք նաև ներքին հարդարման, հատակի վերանորոգման խնդիր»,- նշեց Կարապետյանը։

«Կինոկետ Փրոդաքշնսը» նորաստեղծ ընկերություն է։

0:00
0:00