ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քրդական գործոնը էլ ավելի կարեւոր է դառնում Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից հետո
2019-04-03 17:42:09

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

1930 թվականից ի վեր Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցությունը կորուստներ է ունենում: Փորձագետների համոզմամբ՝ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անհաջողությունը ՏԻՄ ընտրություններում տնտեսության մեջ վերջին տարիների ձախողումների արդյունք է:

Էրդողանի կուսակցությունը, ի դեպ, պարտություն է կրել նաեւ այնպիսի համայնքներում, որոնք ավանդաբար համարվել են այդ կուսակցության աջակիցները:  

Քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցությունը նահանգային նշանակություն ունեցող 8 քաղաքում ձեռք է բերել քաղաքապետի պաշտոնը, միաժամանակ, սակայն, այն քրդամետ մի քանի նահանգներում քաղաքապետի պաշտոն է կորցրել: Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը հաղթել է 28 նահանգում, նաեւ մի քանի խոշոր քաղաքներում, ինչպիսին է Ստամբուլը:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը նկատում է, որ չնայած, ընդհանուր առմամբ, իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը հաղթել է ՏԻՄ ընտրություններում՝ ամենաշատ քվեները հավաքելով, սակայն, այս ՏԻՄ ընտրություններն ապտակ էին իշխող կուսակցությանը: Հետաքրքիրն այն է, որ այս անգամ Էրդողանի կուսակցությունը պարտվել է կարեւոր կենտրոններ հանդիսացող երեք խոշոր քաղաքներում՝ Անկարա, Անթալիա, Ստամբուլ: Թուրքագետը նկատում է, որ նույն Ստամբուլում ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը հաղթել է քրդերի աջակցությամբ:    

Պարտություն խոշոր քաղաքներում. ո՞րն է Էրդողանի պարտության պատճառը 

Թուրքագետը նկատում է, որ գնալով քրդական գործոնն առավել կարեւոր է դառնում Թուրքիայի ընտրություններում: Էրդողանը դա չի ների եւ ինչ-որ գործողություններ կփորձի անել: Այսինքն, Հայկ Գաբրիելյանը չի բացառում, որ  ճնշումները կմեծանան: Այս երկու կուսակցությունները, Հայկ Գաբրիելյանի կարծիքով տակտիկական դաշինքի մեջ են:

Նման դաշինքի առկայություն զգալի է նաեւ Իգդիր եւ Կարս նահանգներում, որոնք ՀՀ արեւելյան սահմանին կից են: Այստեղ նույնպես հաղթանակել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը՝ չնայած, որ այս նահանգներում իշխող Արդարություն եւ զարգացումն ու Ազգայնական շարժում կուսակցությունը համատեղ թեկնածուներով էին հանդես եկել: Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է, որ տվյալ թեկնածուներին սատարել են նաեւ այդ երկու նահանգներում բնակություն հաստատած ադրբեջանցիները:  

ՀՀ-ին սահմանակից այս երկու նահանգներում քրդամետ կուսակցության հաղթանակի կարեւորությանն անդրադառնալով՝ թուրքագետը նկատեց, որ երկար տարիներ, օրինակ, Կարսում քաղաքապետ է եղել աղգայնական ուժի ներկայացուցիչ, որի ձեռամբ  էլ հենց քանդվեց Չարենցի տունը Կարսում: Ըստ Թուրքագետի՝ հենց ազգայնական ուժերի ներկայացուցիչների հաղթանակի դեպքում են նաեւ հանվել, ասանք, Վանում կամ նույն Կարսում հայատառ ցուցանակները հայկական հուշարձանների տարածքներից, որոնք տեղադրված են եղել քրդերի կողմից:

Ի՞նչ օգուտներ կլինեն քրդերի հաղթանակից հետո, թուրքագետը դվարանում է ասել, բայց համոզված է, որ մեզ համար քրդամետ ուժի հաղթանակը միանշանակ դրական է, առնվազն՝ հոգեբանական տեսանկյունից:

Թուրքագետն ասաց նաեւ, որ հարավարեւելյան քրդաբնակ նահանգներում էլ եղել են հայ թեկնածուներ, որոնք քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության կազմում հաղթել են ՏԻՄ ընտրություններում եւ անցել պաշտոնավարման: Առանց անուններ տալու Կարեն Հովհաննիսյանը շեշտեց միայն, որ դրանք փոքր բնակավայրեր չեն:           

0:00
0:00