ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խորանարդ մետրից անցում կիլոգրամին. վարորդրները տուժո՞ւմ են, թե՞ շահում
2019-04-03 17:59:17

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 15-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել բնական գազի վաճառքն ապրիլի 1-ից իրականացնել կիլոգրամներով` խորանարդ մետրի փոխարեն։ Կառավարության համոզմամբ` այս փոփոխությունը սպառողներին ազատելու է  գազ վաճառողների խաբեությունից։ Սակայն վարորդների շրջանում այս օրերին դժգոհություն է հասունացել. փոփոխության արդյունքում գազն իրենց վրա, ինչպես ասում են ավելի թանկ է նստում:

Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին:  Նորամուծությունը գազալիցքավորման «Թամզա» ընկերություն դեռ չի հասել, բայց տնօրեն Զաքար Զաքարյանն արդեն մտահոգվում է.

«Մենք դեռ խորհանարդ մետրով ենք վաճառում, բայց կգ-ով վաճառելու դեպքում գինը կթանկանա և դա վարորդների վրա է ազդելու»:

«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը կարծում է, որ գազալցակայաններում վաճառվող գազի գինը խորանարդ մետրի փոխարեն կիլոգրամով հաշվարկելն ավելի ճիշտ է:

«Խորանարդ մետրով վաճառելու ժամանակ և ջերմաստիճանի ու այլ գործոնների միջոցով հնարավոր է ազդել խորանարդ մետրի ծավալի վրա, իսկ կիլոգրամը հստակ է, ճշգրիտ չափման միավոր է: Վարորդին խաբելու հավանականությունն այս դեպքում ավելի փոքր է»,- ասում է Տիգրանյանը։

«Անհատ տաքսի վարորդների պաշտպանություն» ՀԿ նախագահ Մխիթար Օհանյանն էլ կիսում է այն կարծիքը, որ փոփոխությունից վարորդը ոչ թե տուժելու, այլ շահելու է:

Հակառակ վերը նշված հավաստիացումներին, վարորդներն արդեն դժգոհում  են՝ գազալցակայաններում վաճառվող գազը փոփոխության արդյունքում իրենց վրա ավելի թանկ է նստում:

Բողոքները հաշվի առնելով, ՏՄՊՊՀ-ը այսօր  հանդիպման էր  հրավիրել ավտոգազալցակայանների /ԱԳԼՃԿ/ շահագործմամբ զբաղվող տնտեսվարողներին: Ավելի ուշ հանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ.

«Նկատի ունենալով բնական սեղմված գազի գնի փոփոխության վերաբերյալ այսօր մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները, ինչպես նաև ՏՄՊՊՀ թեժ գծի միջոցով ստացված բողոքները, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերոնշյալ ոլորտում կիրականացնի ուսումնասիրությունՏՄՊՊՀ վերջին վերլուծության համաձայն այս շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան, դաշտը լիովին մրցակցային է՝ ցածր կենտրոնացվածությամբԱյնուամենայնիվ, կարևորելով խնդրի սոցիալական նշանակությունը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի որոշմամբ՝ կիրականացվի օպերատիվ ուսումնասիրություն: Արդեն իսկ այսօր Հանձնաժողով կհրավիրվեն վերոնշյալ ոլորտում առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները՝ իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով: Տնտեսվարողների փաստարկները ինչպես նաև փաստաթղթային հիմնավորումները ուսումնասիրելուց հետո, ՏՄՊՊՀ-ը կտեղեկացնի իր որոշման մասին»:

Ավտոգազի թանկացման թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

«ԱԳԼՃԿ-ում կա երկու տեսակի գազ չափող սարքավորում. այն, որը չափում է մեքենա լցվող գազի հոսքը և այն, որը չափում է գլխավոր խողովակից կայան մտնող հոսքը: Վարչապետի հանձնարարականը, իհարկե, տրամաբանական էր` գազը չափել և վաճառել կիլոգրամով, որպեսզի ջերմաստիճանի տատանման կամ այլ գործոններից գազ սպառողը չտուժեր: Կա մի նրբություն, որի մասին խոսում եմ որպես այս թեմայով թեզ պաշտպանած մագիստրոս: Բանն այն է, որ կայանում եղած բաշխիչ աշտարակների ցուցմունքների գումարը սովորաբար չի համապատասխանում ճնշակայան մտնող չափիչ սարքի ցուցմունքին: Վերջինս «ինչ-որ» գործոնով պայմանավորված ցույց է տալիս ավելի շատ, քան իրականում սպառել է տվյալ ճնշակայանը և կայանի սեփականատերը ստիպված իր հերթին թանկացնում է գազը: Արդյունքում նույն ծավալի գազը վարորդը ստանում է ավելի թանկ և բնականաբար դժգոհում, որ իրեն խաբել են: Վարչապետն ասաց, որ, եթե կիլոգրամով չափելու արդյունքում գազը թանկանա, ապա կստացվի, որ վարորդները խաբվել են այսքան ժամանակ: Այո, դա ճիշտ է, բայց խնդիրը պետք է փնտրել ոչ թե գազալցակայանի ներսում` այլ վերջինիս ընդհանուր սպառումը ցույց տվող չափիչ սարքում, որը, եթե չեմ սխալվում, տեղադրում կամ տրամադրում է Գազպրոմը:

Ստուգե՛ք մուտքային հաշվիչները... շատ բան կպարզվի»:

Ի դեպ, ավտոգազալցակայաններին  ուղղված հայտարարությամբ է այսօր հանդես եկել Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը.

«Հաշվի առնելով վերջին շրջանում մեր քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները՝ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին հորդորում է խստագույնս հետևել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին և զերծ մնալ խախտումներից՝ խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից, հետևելով «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ի  Չափագիտության ազգային մարմնի պաշտոնական կայքում՝ www.metrology.am հրապարակվող ամենօրյա մատակարարվող գազի խտության չափին, լինել բարեխիղճ սպառողների հանդեպ, պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ, այլապես՝ ստիպված կլինի դիմել վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների»:

«Էքսպերտ թեչ» ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի վերջերս հրապարակած տվյալներով Հայաստանում կա մոտ 300 հազար տրանսպորտային միջոց, որոնք շահագործվում են գազային վառելիքով: Այս ցուցանիշով, ինչպես վստահեցնում է, Հայաստանը առաջին տեղն է գրավում աշխարհում:

0:00
0:00