ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. գնահատում են քաղաքացիները
2019-04-03 18:26:39

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մեկ տարի առաջ այս օրերին մի խումբ երիտասարդներ սկսեցին քաղաքական քայլարշավ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Մեկ տարի առաջ այս օրերին՝ քայլարշավը գլխավորող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողքին դեռ հոծ բազմություն չկար:

Պատգամավորն իր կուսակցական՝ «Քաղաքացիական պայմանագրի» գործընկերներով այս օրերին դեռ Լոռու մարզում էր: Այսօր կարելի է համարել «թավշյա հեղափոխության» առաջին փուլերից մեկը:   

Անցյալ տարի, երբ նոր էր սկսվում համապետական քայլարշավը, ուղիղ այս օրը հանրությանը ներկայացվեցին «Ելք» դաշինքի անդամների միջեւ տարաձայնությունները: Մեկ տարի անց Էդմոն Մարուքյանը չի ափսոսում քայլարշավի տարբերակին չմիանալու համար.

«Այնպես չէ, որ մեզանից կադրեր չեն գնացել: Եթե առաջարկ եղել է, մենաք ասել ենք՝ այո, կարող են գնալ մասնակցել: Ինչ վերաբերում է ափսոսանքին, ապա որեւէ ափսոսանք չունենք եւ դրա մասին շատ ենք խոսել: Եթե ինչ որ բան սխալ արած լինեինք մենք այսօր չէինք լինի: Ուղղակի քաղաքական արենայում գոյություն չէինք ունենա: Միչնչդեռ մենք ավելին ենք, քան կայինք»:


«Հին գործիքներ եւ տրորած արահետներ». այս ձեւակերպումը ժամանակին օգտագործեց Մարուքյանը՝ Փաշինյանի ընտրած պայքարի ձեւաչափի համար: Փողոցային պայքարից հեռու՝ խորհրդարանի ներսում մնացած Մարուքյանին դեռ այն ժամանակ Փաշինյանը զգուշացրեց.

«Այդ ճանապարհը նույնպես տրորված է մի քանի անգամ եւ տրորվել է մասնավորապես ՀՅԴ եւ Օրինաց Երկիր կուսակցության կողմից»:

Այս կետը կարելի է փաստացի համարել «Ելք»  դաշինքի գաղափարական ավարտը, թեեւ համագործակցությունը խորհրդարանում դեռ աշխատեց եւս մի քանի ամիս: «Ելք»-ի  հիշվող նախընտրական կարգախոսներից մեկը խոստանում էր, որ «հուսահատության գազելներից ելք կա»՝ «Ելք»-ը պառակտվեց՝ «Գազել»-ները դեռ մնացին: «1+1+1«-ից սկիզբ առած վերջին եւ հաջողված պայքարը նույնպես ուներ բազմաթիվ խոստումներ: Փորձենք հասկանալ՝ ինչպե՞ս են շարքային քաղաքացիները գնահատում անցած մեկ տարին:

-Ամեն ինչ չէ, որ ասում էին՝ արել են, բայց որոշակի քայլեր արվել են:

-Շատ մեծ սպասելիքներ կային, բայց այսօրվա դրությամբ դեռ ոչ մի սպասելիքս չի արդարացվել:

-Որ 20 տարի երկիրը քանդել են կարո՞ղ են մեկ տարում սարքել: Հնարավոր չէ:

Նախկին դաշնակցի մեկ տարվա աշխատանքը կարող էր ավելի տպավորիչ լինել՝ կարծում է Մարուքյանը:

«Ես միշտ ասել եմ, որ ամենամեծ խնդիրը կադրային քաղաքականությունն է եւ բազմաթիվ բնագավառներում տեսլական չունենալը: Եթե լիներ հստակ տեսլական յուրաքանչյուր ոլորտի համար, թե ինչ է պետք անել եւ կադրային քաղաքականությունն ավելի լավը լիներ, քան այսօր կա՝ հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան այսօր մոտավորապես 5 անգամ ավելի արդյունք կտար»:

Ընդամենը մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը Աժ-ում ներկայացնում էր կատարած աշխատանքների հաշվետվություն: Այս տարվա առաջին եռամսյակի գնահատականը աննախադեպ է վերջին տարիների համար:

«2019 թվականի պետբյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 միլիարդ դրամով: Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է: Այսինքն՝ պետական եկամուտները 2019 թվականին կլինեն առնվազն այսքանով ավելի, քան նախատեսված է Աժ կողմից ընդունված պետբյուջեով: Սա վերջին առնվազն 9 տարիների համար աննախադեպ երեւույթ է, որովհետեւ նախկինում չենք ունեցել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները կգերակատարվեն , այն էլ՝ այսպիսի հսկայական ծավալներով»:

Լրացուցիչ գումարները, ի դեպ, առաջին հերթին ուղղելու են հենց այն ոլորտներ, որտեղ շոշափելի կլինի փոփոխությունը: Հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է ԶՈՒ զինծառայողների աշխատավարձերը, իսկ սեպտեմբերից արդեն նույն չափով կբարձրանա հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը:

0:00
0:00