ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-04 09:54:00
  • «Առավոտ».«Դավիթ Տոնոյանը Բաքվին «տնային աշխատանք» է տվել»
  • «Ժողովուրդ». ԼՀԿ-ն փորձում է համագործակցել արտախորհրդարանական ընդդիմության, մասնավորապես` ՀՅԴ-ի հետ
  • «Ժամանակ». Էժան կաթ
  • «Փաստ». «Եթե մշակույթի նախարարության գործառույթը մշակութային օջախներին ցուցակով գումարներ հատկացնելն է, ցրե՛ք այն»

«Դավիթ Տոնոյանը Բաքվին «տնային աշխատանք» է տվել»

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը «Առավոտի» հեր զրույցում՝ անդրադառնալով Նյու Յորքում, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափ այլևս չի լինելու, հակառակ ուղղությունն ենք որդեգրում` «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց», ասում է.

«Ռազմաքաղաքական իրավիճակի սթափ գնահատումը, որին մղում է պաշտպանության նախարար Տոնոյանի հայտարարությունը, մի փուլ է, որը Բաքուն պետք է անցնի «տնային աշխատանքով» եւ բանակցությունների հաջորդ փուլին նախապատրաստվի միանգամայն իրատեսորեն. եթե կարգավորում, ապա՝ միայն փոխզիջումների հիման վրա»:

«Ռազմաքաղաքական իրավիճակի սթափ գնահատումը, որին մղում է պաշտպանության նախարար Տոնոյանի հայտարարությունը, մի փուլ է, որը Բաքուն պետք է անցնի «տնային աշխատանքով» եւ բանակցությունների հաջորդ փուլին նախապատրաստվի միանգամայն իրատեսորեն. եթե կարգավորում, ապա՝ միայն փոխզիջումների հիման վրա»:

Առաջին պաշտոնական հանդիպումն ի՞նչ արդյունք տվեց, արդոք կողմերի դիրքորոշումներում տեղաշարժ չի՞ նշմարվում, մասնավորաբար, Արցախի`բանակցային սեղան վերադառնալու մասով թերթի հարցին նա պատասխանել է, որ առաջին պաշտոնական հանդիպումն ինքնին արդյունք է, եթե նկատի առնվի, որ այն տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահների հովանու ներքո՝ Վիեննայում: Դա նշանակում է, որ գործընթացը համանախագահ երկրներից որեւէ մեկի պատրոնաժի տակ չէ. հանգամանք, որ թույլ է տալիս հուսալ, որ կարգավորման շուրջ միջնորդները որոշակի կոնսենսուս, այնուամենայնիվ, ունեն.

«Կողմերի դիրքորոշումները մեկ հանդիպման արդյունքում հազիվ թե փոխվեին: Նման սպասելիքներ ոչ ոք չուներ եւ չունի: Նույնը՝ բանակցություններին Արցախի ներգրավման մասով: Ադրբեջանի համար դա չափազանց սկզբունքային է, քանի որ Բաքուն խնդիր ունի հարցը ներկայացնել որպես հայ-ադրբեջանական հակամարտություն: Կոնցեպտուալ առումով միջնորդները դա չեն ընդունում: Ըստ երեւույթին, ժամանակ եւ դիվանագիտական ամենօրյա աշխատանք է պետք, որպեսզի այդ ընկալումը փոխակերպվի դիվանագիտական փաստաթղթային ձեւակերպման: Այդ ուղղությամբ հետեւողական ջանքերը, պետք է հուսալ, արդյունք անպայման կտան», -ասել է «Առավոտ»-ի զրուցակիցը:

ԼՀԿ-ն փորձում է համագործակցել արտախորհրդարանական ընդդիմության, մասնավորապես` ՀՅԴ-ի հետ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է կառավարության այլընտրանքային կառուցվածքի մասին իր օրենսդրական առաջարկը։ «Ժողովուրդ» թերթին հետաքրքրել է այն փաստը, որ նախագիծը վերջնական տեսքի բերելու հարցում մեծ դերակատարում են ունեցել ՀՅԴ-ականները։ ԼՀԿ-ն առաջարկում է, որ երկու փոխվարչապետի փոխարեն լինեն երեքը, եւ այդ մեկն էլ պետք է վերահսկի Սփյուռքի ոլորտը եւ լինի Սփյուռքի եւ հայրենադարձության հարցերով փոխվարչապետ։ «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ այս տեսակետը ձեւավորվել է ԼՀԿ պատգամավորների՝ ՀՅԴ ներկայացուցիչերի ու որոշ սփյուռքահայերի հետ քննարկումների արդյունքում: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ «Դաշնակցությունն» իրենց բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, սակայն եղել են նաեւ այնպիսինները, որոնք չեն ընդունվել։

«ԼՀԿ-ն վերջերս փորձում է համագործակցել արտախորհրդարանական ընդդիմության, մասնավորապես` ՀՅԴ-ի հետ, եւ նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Հնարավոր է` ԼՀԿ առաջարկին միանա նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը»,-գրում է թերթը:

«Եթե մշակույթի նախարարության գործառույթը մշակութային օջախներին ցուցակով գումարներ հատկացնելն է, ցրե՛ք այն»

«Փաստ» օրաթերթը զրուցել է երգահան Էդուարդ Զորիկյանի հետ Մշակույթի նախարարության լինել-չլինելու շուրջ խմորումների մասին:

Թերթի զրուցակիցը չի հիշում ժամանակ, որ մշակույթի նախարարությունից կամ նախարարից մշակույթի մարդիկ գոհ լինեն: Միշտ էլ ինչ-որ դժգոհություններ, հարցեր են եղել: Պրոցեսն ուղղակի շարունակվում է: Պետք է գտնվի օպտիմալ տարբերակը:

Նրան թվում է, որ չկա այն ազգային ծրագիրը, որի հիման վրա գործողություններ պետք է արվեն: Մշակույթի նախարարությունը պետք է ճիշտ պատվեր իջեցնի, կոնկրետ խնդիր դնի, բայց ոչինչ չի անում, և մի անհատ ամբողջ գումարային բեռը կարող է դնել իր ուսերին և, օրինակ, Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված տղաներին նվիրված բեմադրություն անել:

Ինչո՞ւ անհատը կարող է հասկանալ, թե ինչ գործեր են հարկավոր ու պատվիրել պիես, իսկ այդ հսկա կառույցը չի կարող հասկանալ, թե ի՞նչ է այսօր պետք ցուցադրել, էկրան բարձրացնել, բեմադրել, ի վերջո, պատվիրել այն, ինչ պետք կգա մեկ տարի հետո: Սրանք խնդիրներ են, որոնք լուծելու համար ազգային ծրագիր պետք է լինի: «Երկար տարիներ պետություն չենք ունեցել, գուցե գենի մեջ է զգալն ու անելը՝ առանց նայելու, թե նախարարություններից որ մեկն ինչ կանի, բայց կարծում եմ, որ մշակութային գործեր ներկայացնելը նախարարության խնդիրն է»,-ասում է Զորիկյանը:

«Երկար տարիներ պետություն չենք ունեցել, գուցե գենի մեջ է զգալն ու անելը՝ առանց նայելու, թե նախարարություններից որ մեկն ինչ կանի, բայց կարծում եմ, որ մշակութային գործեր ներկայացնելը նախարարության խնդիրն է»,-ասում է Զորիկյանը:

Եթե նախարարության գործառույթն ավարտվում է նրանով, որ այն ցուցակով ինչ-որ գումարներ է հատկացնում մշակութային պետական օջախներին, այդ դեպքում, նրա համոզմամբ, պետք է ցրել այդ նախարարությունը, որը ուրիշ բան չի կարողանում անել: Բանկային քարտեր պետք է տալ մշակութային օջախներին, որոնց վրա կլինի նրանց «գոյատևելու» համար անհրաժեշտ գումարը և հարցը կփակվի, կգնա:

Զորիկյանի խոսքով՝ փաստացի անկախացել ենք, բայց ուղեղներս մնացել է նույնը: Բյուջեին վերաբերվերվել ենք որպես մի մեծ պարկի, որտեղից կարելի է անընդհատ վերցնել: Այնքան չհասկացանք, մինչև եկավ Նիկոլն ու ասաց՝ հերի՛ք է: Եվ լավ է ուշ, քան երբեք:

Էժան կաթ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ մթերող ընկերությունները հերթական անգամ իջեցրել են կաթի մթերման գինը՝ 130 դրամից դարձնելով 120 դրամ: Կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները փորձում են ինքնակազմակերպվել և բողոքի գործողություններ կազմակերպել, սակայն այնքան էլ վստահ չեն, որ դա ինչ-որ արդյունք կտա:

Հայաստանում կաթի գնի նվազումը պայմանավորված է կաթնամթերքի արտադրության ոլորտում պետական վերահսկողության բացակայությամբ, կաթնամթերք արտադրողները գերադասում են կաթնամթերք արտադրել չոր կաթով կամ դրա փոխարինիչներով, արդյունքում տուժում են ոչ միայն կաթ արտադրողները, այլ նաև անորակ ապրանք սպառողները»: