ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես են մեծահասակները կողմնորոշվում վիրտուալ սարդոստայնում
2019-04-04 17:27:59

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ապրիլի 4-ը Համացանցի համաշխարհային օրն է: Համացանցի ստեղծման տարեթիվը ընդունված է համարել 1969 թվականը, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարության հիմնարկությունների մեծ մասը միավորեցին իրենց համակարգչային ցանցերը մեկ միասնական ցանցի՝ ARPANET-ի մեջ, որը համարվում է համացանցի նախատիպը։ Անցած 50 տարիներին այն փոխեց աշխարհը։

1998 թվականին կաթոլիկ եկեղեցին համացանցը ճանաչեց որպես մարդկային գիտելիքի գանձարան: Գանձարան, առանց որի այսօր դժվար է պատկերացնել ժամանակակից մարդու կյանքը։

 Տիկին Ազատուհին, ում երեք տարի առաջ պարզապես նյարդայնացնում էր համակարգիչ բառը, այսօր առանց համակարգչի ու համացանցի իր կյանքը պատկերացնել չի կարողանում, քանի որ արտերկրում ապրող հարազատների, հատկապես երեք թոռնիկների հետ շփման լավագույն միջոցն այսօր  համացանցն է:

Այսօր համացանցի միջազգային օրն է, երեք տարի առաջ տիկին Ազատուհու համար այս օրը ոչինչ չէր նշանակում, իսկ այսօր նա մեր հերոսուհին է հենց համացանցի օրվա առիթով: Մեր հերոսուհու տոնական օրը, սակայն այնքան էլ լավ չէր սկսել: Առավոտյան արթնացել , սովորույթի համաձայն համակարգչին էր   մոտեցել, բայց հարազատ դարձած Skype-ի պատուհանը, ինչպես ինքն է ասում, ոչ մի կերպ գործի գցել  չէր հաջողվել:

Արտերկրում ապրող երկու դուստրերի, երեք թոռների ու սիրելի փեսաների հետ  կապի լավագույն միջոցն այսօր համացանցն է: Հեռախոսին վաղուց է հրաժեշտ տվել : Համակարգիչը, առանց  որի մեկ ժամ անգամ կյանքը պատկերացնել չի ցանկանում, ընդամենը երեք տարի առաջ զրուցակցիս միայն նյարդայնացնում էր, երբ զանգահարում ու պարզում էր, որ թոռները դարձյալ համակարգչի առաջ են: «Ինչ իմանայի, որ մի օր էլ ես եմ սրա գերին դառնալու»,-ասում է:

Համացանցային հրաշքը նրա համար բացահայտվեց, երբ համակարգիչն առած Դանիայից նրան հյուր եկավ թոռնիկը՝ Աննան: ՏՏ ոլորտ մուտքը պատկառելի տարիքով սկսնակ օգտատիրոջ համար հեշտ չէր, բայց հաղթահարեց:


Հեշտ չէ խոստովանել, բայց  տիկին Ազատուհին անկեղծանում է ՝ համակարգչից արդեն կախվածություն է  ձեռք բերել: Եթե հարազատներին տանը գտներ, ամբողջ օրը համակարգչից  դուրս չէր գա:

«Բայց եվրոպաներում ապրող մարդիկ են, պարապ չեն, աշխատում, սովորում են »,-ասում է: Համակարգչով ոչ միայն կարոտն է առնում, այլև շփման պահանջն է այսօր բավարարում:

Երջանկության միակ պատուհանն այս պահին  Սքայպն է, բայց աչքը նաև մյուս պատուհաններին է, չնայած հարազատներն արգելել են՝ թե կխափանես ամբողջը: Առայժմ  հնազանդվում է, բայց դեպի աշխարհ համացանցով մուտք գործելու գայթակղությունը  չափազանց մեծ է:

Տիկին Ազատուհին մեզ հրաժեշտ է տալիս համացանցը գրավելու վճռականությամբ։ Եթե Սքայպը հաղթահարել եմ, ուրեմն մյուսներն էլ կհաղթահարեմ՝ ինքն իրեն խոստանում է։

0:00
0:00