ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պետք է բացառել անորակ ճանապարհաշինությունը
2019-04-04 17:47:11

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Մենք չենք հանդուրժելու վատ որակի ճանապարհ, բայց նախորդ տարվա ճանապարհաշինության փորձից ի՞նչ ենք տեսնում, տեսնում ենք, որ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք մեր հայտարարած մրցույթներում հաղթել են ու իրականացրել են անորակ աշխատանք»,-կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի նիստում անդրադարձ է  կատարվել Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածին ու  ոլորտին ընդհանրապես:

Տարիներ շարունակ ընդդիմադիրները հայտարարում էին՝ Հայաստանում գումար  փոշիացնելու լավագույն տեղը շինարարությունն ու հատկապես ճանապարհաշինությունն է: Ընդդիմությունից իշխանություն տեղափոխված կառավարության ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնն է պնդում: Կան հայտարարված մրցույթներում հաղթած ու անորակ շինարարություն իրականացրած ընկերություններ.

« Նրանք իրենց հին սովորությունների համաձայն, հիմա էլ իրենց մտքով անցնում է, թե կարող են անորակ ճանապարհ կառուցել ու անցնի գնա»:

Նոյեմբերյան-Ոսկեպար հատվածի մասին է հատկապես խոսքը: 2018-ին ճանապարհի շինարարությունն ավարտվել է, սակայն տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարությունը դեռ այն չի ընդունել, պատճառը անորակ աշխատանքներն են.

«Նրանք, իսկապես, սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են, նրանք պետք է զգան մեր հակահարվածը»:

Իսկ հակահարվածը, ըստ էության, քրեական գործ հարուցել է: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկում է հասկանալ, թե պայմանագրային ինչ կարգավորումներ կան.

«Որպես կանոն՝ այդ տեսակ պայմանագրերը նախատեսում են տույժ-տուգանքներ։ Որպեսզի քրեական գործի հասնի, մենք պետք է բովանդակությունն ու ծավալը ուսումնասիրենք, որպեսզի տեսնենք՝ արդյոք հանցակազմ կա»:

Նիկոլ Փաշինյանն այն տպավորությունն ունի, որ  դիտավորյալ անորակ շինարարություն է իրականացվել: Կապալառուն տեղյակ է, որ վերջին շերտի ասֆալտը չափանիշներին չի համապատասխանում՝ասում է տրանսպորտի, կապի ու ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանը: Նա տեղեկացրեց՝ մինչև հունիս կապալառուն ժամանակ ունի:

Պետք է բացառել անորակ ճանապարհաշինությունը։ Ավելին, ոլորտի պատասխանատուները անձնական պատասխանատվություն են կրելու որակի համար՝ եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

0:00
0:00